կարևոր
1243 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-27 13:17

Թրամփն ազգային գվարդիա է ուղարկում Վիսկոնսին անկարգությունները ճնշելու համար

Թրամփն ազգային գվարդիա է ուղարկում Վիսկոնսին անկարգությունները ճնշելու համար

ԱՄՆ-ի իշխանություններն օգոստոսի 26-ին դաշնային ուժայիներ եւ ազգային գվարդիա են ուղարկում Վիսկոնսինի նահանգի Քենոշա քաղաք, որպեսզի տեղի իրավապահներին օգնեն այնտեղ բողոքի ակցիաների բորբոքման ֆոնին, որոնք վերաճել են ավերածությունների: Այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օգոստոսի 23-ին, ոստիկանները Քենոշայում կրակել են աֆրոամերիկացի Ջեյկոբ Բլեյքի մեջքին, երբ նա փորձել է միմյանցից հեռացնել երկու կռվող կանանց: Ոստիկանները նրա նկատմամբ կիրառել են Էլեկտրաշոկեր, այնուհետեւ՝ կրակել: Այդ մարդուն ծանր վիճակում հոսպիտալացրել են:

Վիսկոնսինի նահանգի գլխավոր դատախազությունը հետաքննում է միջադեպը: Արտակարգ պատահարը քաղաքում հանգեցրել է բողոքի զանգվածային ակցիաների, որոնք վերաճել են ջարդերի եւ ոստիկանության հետ բախումների: Իշխանությունները հայտարարել են պարետային ժամ եւ գործի դրել ավելի քան 160 գվարդիականների: Օգոստոսի 26-ին Քենոշայի ոստիկանությունը հայտնել է գիշերը հրաձգության ժամանակ երկու զոհվածների մասին:

«Մենք կողոպուտ, հրկիզումներ, բռնություն եւ անօրինականություն թույլ չենք տա ամերիկյան փողոցներում: Իմ թիմը հենց նոր է ավարտել հեռախոսազրույցը (Վիսկոնսինի) նահանգապետ (Թոնի) Էվերսի հետ, որը համաձայնել է ընդունել դաշնային աջակցությունը: Այսօր ես դաշնային իրավապահներ եւ ազգային գվարդիա կուղարկեմ Քենոշա, Վիսկոնսին՝ օրենքը եւ կարգուկանոնը վերականգնելու համար»,-Թրամփը գրել է իր Twitter-ում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքի իշխանությունները դիմել են Էվերսին՝ խնդրելով ուղարկել նահանգի ազգային գվարդիայի 1,5 հազար ծառայողների: Գվարդիականների սահմանափակ զորակազմն արդեն գտնվում է քաղաքում: