ԱՄՆ-ը մտադիր է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժերը բաշխել այն կերպ, որպեսզի հնարավորություն ունենա դիմակայելու Չինաստանին եւ Ռուսաստանին աշխարհի ցանկացած կետում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերն օգոստոսի 26-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Հավայիի նահանգում՝ Անվտանգության հարցերի հետազոտությունների ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնում:
Էսփերը նշել է, որ ընթացիկ շաբաթում ԱՄՆ-ի զինված ուժերի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար ծովակալ Ֆիլիպ Դեւիդսոնի հետ քննարկել է տարածաշրջանի իրադրության զարգացման եւ այնտեղ ուժերի բաշխման հարցերը:
«Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը գտնվում է մեծ տերությունների մրցակացության էպիկենտրոնում: Դա գլոբալ մրցակցություն է»,- ընդգծել է Պենտագոնի ղեկավարը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը «ներդրումներ կանի տեխնոլոգիաների նոր սերունդների զարգացման բնագավառում», որպեսզի ապագայում պաշտպանի եւ զարգացնի իր հնարավորությունները Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: