կարևոր
1091 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-27 10:15

ԿԳՄՍՆ-ում մտահոգություն ունեն, որ Աշոտ Բլեյանին ընդառաջելը վատ նախադեպ կդառնա. «Հրապարակ»

ԿԳՄՍՆ-ում մտահոգություն ունեն, որ Աշոտ Բլեյանին ընդառաջելը վատ նախադեպ կդառնա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 4-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը դառնում է 65 տարեկան, եւ ՊՈԱԿ-ների մասին օրենքով նա այլեւս չի կարող տնօրեն աշխատել։ Կրթահամալիրի կոլեկտիվն ու ծնողները պահանջում են, որ ՊՈԱԿ-ը փոխեն հիմնադրամի, որպեսզի Բլեյանը շարունակի տնօրեն աշխատել։

Մենք հետաքրքրվեցինք կրթության նախարարությունից, թե ինչ լուծում են գտել․ ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, որ պահանջը մերժվել է՝ ՊՈԱԿ-ը հիմնադրամ չի դառնալու։ Արայիկ Հարությունյանը կարծում է, որ նպատակահարմար չէ։ Նախարարությունը մեկ ամիս առաջ ծանուցում է ուղարկել Բլեյանին՝ հիշեցնելով, որ նա չի կարող սեպտեմբերից պաշտոնավարել, նրա հետ պայմանագիրը լուծվել է։ Բլեյանի կողմնակիցները պնդում են, որ սա հեղինակային մանկավարժություն է, եւ ԿԳՄՍ-ն պետք է ընդառաջի ու պայմաններ ստեղծի, որ Բլեյանը մնա։

Հասարակայնության հետ կապերի վարչությունից մեկնաբանեցին, որ թեպետ իրավական տեսանկյունից ՊՈԱԿ-ից հիմնադրամ վերածվելու արգելք չկա, բայց նախկինում մի քանի ՊՈԱԿ-ի՝ հիմնադրամ դառնալուց հետո դժգոհել են եւ խնդրել, որ նորից ՊՈԱԿ դառնան։

Դժգոհության պատճառն այն է, որ հիմնադրամ դարձած դպրոցների կառավարմանը պետական մասնակցությունը նվազում է՝ պակասում են պետությունից ստացվող ֆինանսական միջոցները։ ԿԳՄՍ-ում նաեւ մտահոգություն ունեն, որ եթե մեկ հոգու ընդառաջեն, կդառնա վատ նախադեպ՝ 65-ը լրացած բոլոր տնօրենները կպահանջեն դառնալ հիմնադրամ։ ԿԳՄՍ-ից ասում են՝ եթե սա զարգացմանը միտված քայլ է, ինչո՞ւ հիմնադրամ դառնալու պահանջը ծագեց Բլեյանի 65 տարին լրանալուց 2 ամիս առաջ միայն՝ հունիսին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում