կարևոր
1266 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-26 23:03

ԱՀ նախագահը հեռավար քննարկում է ունեցել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ

ԱՀ նախագահը հեռավար քննարկում է ունեցել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 26-ին հեռավար զրույց է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունի:

Արցախի նախագահն անդրադարձել է Լիբանանում ստեղծված իրավիճակին և ընդգծել, որ տեղի հայ համայնքի խնդիրների լուծման գործում շատ կարևոր է գործադրվող համահայկական ջանքերի համատեղումը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ստեղծված դժվարությունների արագ հաղթահարումն օրախնդիր է, որպեսզի հայկական համայնքը շարունակի իր բնականոն կյանքը, բայց եթե ընտանիքներ կան, որոնք ցանկություն ունեն տեղափոխվելու, գերադասելի է, որպեսզի հայրենիք վերադառնան: Այդ համատեքստում Հանրապետության նախագահը խոսել է ԱՀ կառավարության ձեռնարկումներից, որոնք ավելի մանրամասն ներկայացրել է Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպող և համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը:

Զարեհ Սինանյանը նշել է, որ իր շոշափելի մասնակցությամբ Արցախը ցույց տվեց, որ լիովին կիսում է համահայկական խնդիրների ծանրությունը, և ավելի մեծ մարտահրավերների դիմակայելու ճանապարհին Արցախի հետագա հզորացումը պետք է դիտվի որպես ազգային օրակարգի խնդիր:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ նախագահի խորհրդական,  Սփյուռքի հարցերով նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը։