ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ԵՊՀ-ում ռեկտորի ընտրություններին ընդառաջ համալսարանականների կարծիքների ուսումնասիրման անհրաժեշտություն է տեսնում։
Այս մասին Անդրեասյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի հանդեպ վստահության և համալսարանում դերակատարում ունեցող այլ անձանց վերաբերյալ հնչող կարծիքներին։
«Կարծում եմ, որ պետք է որևէ ուսումնասիրություն լինի, որպեսզի հասկանանք համալսարանականների վերաբերմունքը ԵՊՀ-ում դերակատարում ունեցող այս կամ այն անձի նկատմամբ։ Վատ չի լինի անել և վերջապես հասկանալ, թե ինչ հանրային կարծիք կա հենց համալսարանականների շրջանում ոչ միայն կոնկրետ անձի նկատմամբ, այլ տարբեր մարդկանց, և, գուցե ընտրություններից առաջ արժի նման ուսումնասիրություն անցկացնել և հասկանալ դասախոսների և ուսանողների վերաբերմունքը»,- ընդգծեց Անդրեասյանը։
Անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանի վերընտրվելու վերաբերյալ հարցին և այն հանգամանքին, որ նա վստահություն չի վայելում համալսարանականների շրջանում՝ նշեց, որ այդ ամենն ինքը չի կարող մեկնաբանել: