կարևոր
1992 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-26 18:22

ԿԸՀ-ում կայացավ արտահերթ նիստ․Մանե Թանդիլյանի պատգամավորական մանդատը տրամադրվեց Ստեփան Ստեփանյանին

ԿԸՀ-ում կայացավ արտահերթ նիստ․Մանե Թանդիլյանի պատգամավորական մանդատը տրամադրվեց Ստեփան Ստեփանյանին

ԿԸՀ-ում կայացած արտահերթ նիստի  օրակարգում ԱԺ-ի պատգամավորի մանդատ տրամադրելու մասին արձանագրության կազմումն էր: Հանձնաժողովը Ազգային ժողովի պատգամավորական մանդատից հրաժարված Մանե Թանդիլյանի մանդատը տրամադրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 ընտրատարածքից առավելագույն ձայներ հավաքած հաջորդ թեկնածու Ստեփան Ստեփանյանին։

Ստեփան Ստեփանյանը ծնվել է 1988 թ. մայիսի 30–ին: 1995-2005 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Ա. Մարգարյանի անվան N 29 միջնակարգ դպրոցը: 2005-2010 թթ. սովորել և ավարտել է Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը, որակավորվելով որպես քաղաքագետ-միջազգայնագետ: 2012-2016 թթ. սովորել է ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնում որպես ասպիրանտ: Ունի 12 տպագրված գիտական աշխատանք տեղական և միջազգային գիտական ամսագրերում: 2011թ.-ից առ այսօր դասավանդում է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում: 2014-2016 թթ. դասավանդել է Հայաստանում ֆրանսիական քոլեջում։ 2011-2018 թթ. աշխատել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ–ում զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ու համանուն կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը օգոստոսի 14-ին հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, ինչպես նաև դադարեցնում է գործունեությունը՝ որպես կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում` մանրամասնել էր որոշումը, նշելով որ այն կայացրել է առողջական խնդիրների պատճառով:

«Տևական ժամանակ է` ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։
Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ», - գրել է նա։