կարևոր
333 դիտում, 7 ամիս առաջ --> 2020-08-26 12:39

Վարչապետի մամուլի խոսնակն անդրադարձել է Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած երեխայի դեպքին

Վարչապետի մամուլի խոսնակն անդրադարձել է Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած երեխայի դեպքին

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի դեպքին, նշել է, որ իրավապահների կողմից պետք է տրվի ամենակոշտ գնահատականը:

Այս մասին Գևորգյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Ցնցված եմ Խաշթառակում պապի կողմից բռնության ենթարկվելու հետեւանքով 6-ամյա երեխայի մահվան լուրից: Այս անմարդկային արարքն իրավապահ մարմինների կողմից պետք է ամենակոշտ գնահատականը ստանա: Ընտանեկան բռնության ահասարսուռ դեպքերը մեր հասարակության մեջ շարունակվում են, և ժամանակն է էլ ավելի կոշտ գործիքակազմ որդեգրել ընտանեկան բռնության դեմ պայքարում, իսկ կիզակետում հայտնված անձանց խրախուսել իրավապահների հետ ակտիվ աշխատանք կատարել` նման դեպքերը կանխարգելելու և բացառելու համար»,- գրել է Գևորգյանը:

Մամուլի խոսնակը հիշեցրել է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ է հիվանդանոցից դուրս գրվել Գյումրիում ծեծի ենթարկված 14-ամյա աղջնակը, որը դաժան բռնության էր ենթարկվել և երկար ժամանակ ապաքինվում էր, նրա մայրը դարձյալ բռնության զոհ էր դարձել:

«Իրավապահները պետք է նշված դեպքերի արագ ու համակողմանի քննություն իրականացնեն: Կարծում եմ, որ դեպքերի դատական ելքերը որոշ չափով կկանխեն դրանց կրկնությունը։ Ցավակցում եմ փոքրիկի հարազատներին»,- նշել է Մանե Գևորգյանը:

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում դաժանորեն ծեծի ենթարկված 6-ամյա երեխան օգոստոսի 25-ին գիտակցության չգալով մահացել է:

Իր 6-ամյա և 4-ամյա թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով Տավուշի Խաշթառակ համայնքում կալանավորվել է 57 տարեկան մի տղամարդ։ 6-ամյա երեխան ստացել էր համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր, իսկ 4 տարեկան փոքրիկի մոտ առկա է գանգային արյունազեղում։ 4-ամյա երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում:

Տվյալ տղամարդու մյուս 5 թոռներն օգոստոսի 20-ին նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ ևս տեղափոխվել էին Երևան՝ «Մուրացան» բժշկական կենտրոն։

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի կողմից իր անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս, ինչպես նաև  ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրա 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմինների տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Որոշում է կայացվել նշված երկու քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին: Քրեական գործով 7 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժողներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Հարցաքննվել են մի շարք անձինք: ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարություն է տրվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

Խաշթառակ համայնքի 28-ամյա բնակչուհու կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել է: