կարևոր
1111 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-25 18:17

Ավելացել են դատարան ուղարկված՝ Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքերով քրեական գործերը

Ավելացել են դատարան ուղարկված՝ Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքերով քրեական գործերը

ՀՀ դատախազության և նրա տարածքային ստորաբաժանումների, քրեական հետապնդման մյուս մարմինների, իրավասու գերատեսչությունների միջև ակտիվ համագործակցությամբ շարունակվում է քրեաիրավական հետևողական պայքարը ապօրինի անտառահատումների և դրա հետ կապված կոռուպցիոն դրսևորումների դեմ:

2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործունեության արդյունքում մարզի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 273 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 64-ով կամ շուրջ 31%-ով: Դրանցից 64-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (51 դեպք) ավելի է շուրջ 25%-ով:

Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից, նման ցուցանիշները պայմանավորված են լատենտային բնույթ կրող նման դեպքերի բացահայտման, անտառային տնտեսության պահպանման ուղղությամբ իրականացված հետևողական աշխատանքով, ապօրինի անտառահատումների դեպքերը պատշաճ կերպով արձանագրելու, հաշվառելու ցուցանիշների բարելավմամբ:

Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո ապօրինի ծառահատման դեպքերի առթիվ հարուցված և քննվող քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 132․909․458 ՀՀ դրամ։ Դատախազության կողմից մի շարք քաղաքացիների 24 առաջարկություններ են ուղարկվել ընդհանուր 17.155.594 ՀՀ դրամի չափով վնասի վերականգնման նպատակով: Միջոցներ են ձեռնարկվում համապատասխան սուբյեկտների կողմից վնասի ամբողջական ծավալը վերականգնելու ուղղությամբ:

Բնապահպանական հանցավոր իրավախախտումների դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը պայմանավորված է նաև ՀՀ դատախազության կողմից որդեգրված՝ յուրաքանչյուր հանցավոր իրավախախտման դեպքին անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց հնարավոր կոռուպցիոն ներգրավվածությունը պարտադիր քննության առարկա դարձնելու քրեական քաղաքականությունը: Դրա ազդեցությամբ բարձրանում է վերջինների զգոնությունը իրենց սպասարկման և պատասխանատվության գոտում գտնվող անտառային տնտեսությունների պահպանման, ծառահատումների դեպքերի արձանագրման, խախտումների մասին օպերատիվ կերպով իրավապահ մարմիններին տեղեկացնելու հարցում: 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո հարուցվել է 4 քրեական գործ: Դրանցով իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 7.743.000 ՀՀ դրամ: Նշված քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում։

 2020թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 26%-ով ավելացել են մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված՝ ապօրինի ծառահատումների վերաբերյալ քննված քրեական գործերը: Մասնավորապես եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել այդպիսի 17 քրեական գործ՝ 17 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում՝ 21 քրեական գործ՝ 23 անձի վերաբերյալ:

Դատարանում քննված և ավարտված 10 քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 3.891.620 ՀՀ դրամ, որի մի մասը վերականգնվել է, իսկ չվերականգնված գումարը բռնագանձելու նպատակով Տավուշի մարզի դատախազության դատախազների կողմից պետական իրավասու մարմնին առաջարկվել է ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ:

Նշված քրեական գործերով դատախազության կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց և մի շարք պետական մարմինների ուղարկվել է 6 հաղորդում, ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ 1 միջնորդություն: Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով՝ նշված բնույթի հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով համապատասխան մարմիններին հղվել է 3 միջնորդագիրր: