կարևոր
1738 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-24 18:24

ԱԻ նախարարը կյանքի է կոչել հրշեջ-փրկարարների առօրյային ծանոթանալու մասին Դավիթի երազանքը

ԱԻ նախարարը կյանքի է կոչել հրշեջ-փրկարարների առօրյային ծանոթանալու մասին Դավիթի երազանքը

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կյանքի է կոչել Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում սովորող 17-ամյա Դավիթ Ամիրշատյանի՝ հրշեջ-փրկարարների առօրյային ծանոթանալու մասին երազանքը։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Երազանքից՝ իրականություն։ 17-ամյա Դավիթ Ամիրշատյանը բնակվում է Էջմիածնում, սովորում է Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում։

Նա մի օր հայտնել էր իր մանկության երազանքի՝ հրշեջ-փրկարարների առօրյային ծանոթանալու մասին։ Ընկերներից մեկն այս պատմությունը նամակի էր վերածել ու հասցեագրել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարի հանձնարարությամբ Դավիթի համար Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ շրջայց է կազմակերպվել:

Փրկարարները տղային ներկայացրել են իրենց աշխատանքային առօրյան: Դավիթը մի քանի րոպեով պայմանական հրդեհաշիջման է մասնակցել։

Նախարար Ցոլակյանի կողմից երիտասարդը համազգեստ է նվեր ստացել ու ցանկություն է հայտնել օրվա տպավորությունները կտավին հանձնել: