կարևոր
2121 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-23 22:52

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին ավտոմեքենան, գլորվելով ձորակը, գլխիվայր շրջվել է․ կան զոհեր ու վիրավորներ

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին ավտոմեքենան, գլորվելով ձորակը, գլխիվայր շրջվել է․ կան զոհեր ու վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում, Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 142 կմ հատվածում, Քեթիի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, 4-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 ջոկատի հրշեջ-փրկարարները: Փրկարարները մահացածների մարմինները շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել մեծ դժվարությամբ, քանի որ ճանապարհը դժվարանցանելի է:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: