կարևոր
404 դիտում, 7 ամիս առաջ --> 2020-08-23 16:59

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես կգա ԿԳՄՍ նախարարին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 Հուսով եմ ՀՀ խորհրդարանական պրակտիկայում կստեղծվի նախադեպ, որ ընդդիմությունը կնախաձեռնի նախարարին պաշտոնանկ անելու գործընթաց, և իշխող ուժը նույնպես, համաձայն լինելով, կմասնակցի այդ քվեարկությանը և իր նախարարին կհեռացնի։ Այս մասին #bRightTalk ձևաչափի տասնմեկերորդ մասի շրջանակում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության վարած քաղաքականությանը և վերջին ընդունելության միասնական քննությունների շուրջ տեղի ունեցած իրադարձություններին Մարուքանը նշեց, որ տեղի ունեցածը միանշանակ սխալ է։

«Մենք ինչ ենք ասում, ասում ենք, որ սովորելը պետք է լինի դժվար, այսինքն՝ ընդունվի 100 մարդ, ավարտի 70 մարդ, ինչու՞, որովհետև պետք է լինի դժվար։ Բայց միևնույն ժամանակ ընդունվելը չպիտի լինի էնպես, որ մի մասը հասկանա համակարգը, թե ոնց է պետք դիմել, լրացնել թղթերը, մյուս կեսն էլ չհասկանա, իսկ հետո էլ դրանից բխող տարատեսակ անարդարություններ տեղի ունենան։ Չպետք է լինի նաև այնպես, որ այդ անարդարություններից հետո էլ գործող նախարարը չդուրս գա ժողովրդի առջև խոսելու նրանց հետ (իմա՝ պատասխանելու ժողովրդին հուզող հարցերին)։ Սա էն դեպքում, որ պետք է նախարարը հասկանա, որ ինքը քաղաքական մարդ է, ընտրովի պաշտոնյա է մեծ հաշվով, քանի որ իրենք բոլորը թեկնածու են եղել խորհրդարանական ընտրություններին, ձայներ են հավաքել, հետո նոր են դարձել նախարար։ Ինքը պարտավոր է դուրս գալ և այդ մարդկանց հետ խոսել, դա չի արվում, դրա փոխարեն, ինչ որ ԳԹԿ-ի չգիտեմ ով գալիս է ազգային ժողով, չգիտեմ ինչ է ասում ու նախարարը շատ ուշ գնում է Հ1 ու Հ1-ի Պետրոսի հետ է խոսում։ Մենք ասում ենք, թե որքան պետք է անտաղանդ լինի համակարգի կառավարիչը, որ օդից պրոբլեմ ստեղծի, դա օդից է ստեղծվել։ Դրա պատասխան տալու պահը բնականաբար գալու է և կարող եմ իրազեկել, որ սեպտեմբերին լսվելու է «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդումը, որի հիման վրա մենք նախարարների անվստահության հարց ենք բարձրացնելու»,-նշեց Մարուքյանը:

Մարուքյանը հույս հայտնեց, որ այս առիթը կարող է օգտագործվել ԿԳՄՍ նախարարին պաշտոնանկ անելու համար, քանի որ նրանից դժգոհություններ կան նաև խորհրդարանական մեծամասնության շրջանում։

«Ես հույս ունեմ, քանի որ գիտեմ Իմ քայլը դաշինքում էլ կան շատ դժգոհություններ կրթության նախարարից, այս առիթը կարող է օգտագործվել նրան պաշտոնանկ անելու համար և Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում նաև ձևավորել այս պատմությունը, այս նախադեպը ստեղծել, որ այո՜ խորհրդարանի ընդդիմադիր ուժը կարող է նախաձեռնել նախարարի անվստահութհան հարց և իշխող ուժը նույնպես մասնակցի այդ քվեարկությանը և ինքն իր նախարարին հեռացնի։ Այսինքն՝ ցույց տալով, որ էնպես չի, որ միշտ ընդդիմությունը ինչ ասում է մենք համաձայն չենք, երբ ինչ որ բան կա, որ մենք էլ ենք համաձայն, դրա համար քվեարկում ենք»,-եզրափակեց Մարուքյանը։
 

Մարուքյանն անդրադառնալով այն հանգամանքին, որ հռետորաբանության մակարդակում իշխանությունը ցանկանում է լինել ինքն իր ընդդիմությունը, նշեց, որ այդպես չի լինում և դա ստեղծում է արատավոր համակարգ։