ԱՄՆ իշխանությունների գործողությունները խոսում են այն մասին, որ այդ երկիրն ամեն ինչ անում է, որպեսզի իր վրայից հանի բոլոր միջազգային բազմակողմ պարտավորությունները: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է tert.am-ը, հղում անելով ria․ru-ին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի նման դիրքորոշման մասին խոսում են արտատարածքային պատժամիջոցները։
«Երբ ԱՄՆ-ն որոշում է, որ Չինաստանը սպառնալիք է ներկայացնում, քանի որ չափազանց շատ է վաճառում ԱՄՆ-ին, բայց շատ քիչ է գնում, ամերիկացիները սահմանափակումներ են մտցնում ՉԺՀ-ից ներկրումների համար։ Երբ Միացյալ Նահանգները որոշում է, որ Իրանը, թեև կատարում է այն ամենը, ինչի մասին պայմանավորվել են ԳՀՀԾ շրջանակներում, այնուամենայնիվ վատ է իրեն պահում (մյուսները այդպես չեն կարծում), ապա պատժամիջոցներ են սահմանվում Իրանի դեմ»,-հավելել է Լավրովը:
Լավրովի խոսքով՝ դա որոշակի առումով վերաբերում է նաև Վենեսուելային։ Ինչպես նշել է ռուսական դիվանագիտության ղեկավարը, երբ ԱՄՆ-ն կարծում է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն «արժանի է պատժի», նրանք պատժամիջոցներ են հայտարարում նրա դեմ:
«Իսկ հետո աշխարհի մյուս պետություններին հայտարարում են չհամարձակվել առևտուր անել այն պետությունների հետ, որոնց ԱՄՆ-ն ցանկանում է մեկուսացնել»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ նախարարը։