կարևոր
1304 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-23 13:16

Ուղեցույցը կարդալուց հետո պարզ է դառնում, որ դրա նպատակը իրականում դպրոցները վերստին փակելն է․ Նարինե Դիլբարյան

Լեզվաբան, ԵՊՀ հայ բանասիրության ամբիոնի դասախոս Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է  դպրոցների համար ԿԳՄՍ ուղեցույցին։ 

«Ուշադիր կարդացի կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը և զարհուրեցի. այս ի՜նչ ահ ու սարսափ սփռող մարտավարություն է, ուղեցույցը գրողները երեխաների հետ չե՞ն շփվում, այս ողջ ժամանակընթացում նրանց կենցաղին ծանոթ չե՞ն թեկուզ հեռվից... ամիսներ շարունակ մեր երեխաները բակերում ողջ-առողջ խաղացել են իրար հետ մեծամասամբ անդիմակ, իրար ձեռք բռնած, գնդակներով և ցատկապարաններով, հեծանիվներով և քարտերով, լողավազաններում, այգիներում և պուրակներում սերտ շփվել, բժշկական հաստատություններում էլ հստակ վիճակագրություն կա, թե նրանց քանի՛ տոկոսն է վարակվել և ինչպե՛ս է անցկացրել հիվանդությունը: 

Երեխաները ջախջախիչ մեծամասնությամբ չեն վարակվում սույն քովիդով, չեն էլ վարակում իրենց ծնող-բարեկամ, հարևաններին, այսինքն՝ նաև ուսուցիչներին: Ուստի ի՞նչ կարիք կա արգելել գրատախտակի մոտ գալը, տետր ունենալը, գիրք բերելը... պարզվում է՝ թղթերի վրա պիտի գրեն, թղթերը արկղում մեկ օր պահեն, նոր ձեռք տան, ստուգեն...որտե՞ղ է գրված, որ քովիդը տետրերի ու գրքերի միջոցով է տարածվում, այդ ի՜նչ նոր վիճակագրություն է: 

Ուղեցույցը կարդալուց հետո պարզ է դառնում, որ դրա նպատակը իրականում դպրոցները վերստին փակելն է, մարդկանց թշվառ ու տագնապահեղձ պահելը, սերնդին անգրագետ թողնելը, զգայացունց, հուզական խառնվածքի ուսուցիչներին և ծնողներին հոգեբանորեն ընկճելը, աշակերտների մեջ էլ կանխավ այն մտքի ամրակայումը, որ միևնույնն է՝ գիտելիք ձեռք չեն բերի դպրոցում: Առանց գրատախտակի մոտ կանչելու՝ ինչպե՞ս են մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա սովորեցնելու, ի՞նչ է, ուսուցիչը միալար խոսելու է, գրի-ջնջի, աշակերտներն էլ անտետր, անհաղորդ նստեն դիմակներով և վայրկյանները հաշվեն՝ երբ են ազատություն ստանալու: Բժիշկներին, հոգեբաններին հավաքե՛ք, առանց կանխակալ կպչուն գաղափարների միջազգային փորձն էլ ուսումնասիրեք ողջամիտ որոշումներ կայացրեք ի շահ կրթության: Մեզ ոչ այնքան թագավարակը կվնասի, որքան կրթության պակասը և ընկճախտը: Միջազգային կազմակերպությունների օգնությունն էլ կարող է բնավ պետք չգալ...»,- գրել է նա։