Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին տեղափոխող ինքնաթիռը Օմսկից մեկնել է Բեռլին: Նավալնիին Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցից ռեանիմոբիլով տեղափոխել են օդանավակայան։ Ինքնաթիռը թռել է տեղական ժամանակով ժամը 8:00-ին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Օմսկի բժիշկները թույլ էին տվել հետագա բուժման համար Նավալնիին տեղափոխել արտասահման։ Բլոգերի հետևից Օմսկ էր ժամանել գերմանացի բժիշկների բրիգադը, խորհրդակցություններ էին անցկացվել: Բժիշկների խոսքով` Նավալնիի ուղեղը կայուն վիճակում է, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Օգոստոսի 20-ին, առավոտյան, ինքնաթիռը, որով Ալեքսեյ Նավալնին Տոմսկից թռնում էր Մոսկվա, արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում։ Նավալնին թռիչքի ժամանակ վատացել է, վայրէջքից հետո նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Հիվանդի վիճակը այդ պահին գնահատվել էր ծանր: Օմսկի բժիշկները հիվանդի արյան և մեզի մեջ թույն չեն հայտնաբերել: Բժիշկները նրա ինքնազգացողության վատթարացման հիմնական պատճառը համարում են նյութափոխանակության խանգարումը, ինչը արյան մեջ շաքարի կտրուկ նվազում է առաջացրել: