Ձկնորսներն իրենց մեքենաներով, փակել էին Երևան-Սևան մայրուղին։ Դժգոհության պատճառն այն է, որ վերջիններին արգելվել է ձուկ որսալ: Նշվում է, որ նրանք անգամ իրենց իրենց նավակներ են տեղակայել ճանապարհին, Երևան-Սևան մայրուղու երթևեկությունը երկկողմանի կաթվածահար անելով։
Բողոքի ալիքը սկսվել է այն բանից հետո, երբ Նորատուս համայնքի ձկնորսները ձուկ էին որսացել Սևանա լճից եւ սառնարաններում պահեստավորել՝ դրանք արտահանելու և Հայաստանից դուրս վաճառելու նպատակով: Նշված գործողությունների մասին տեղեկացել է Ազգային Անվտանգության Ծառայությունը, գնացել եւ կապարանակնքել է նրանց սառնարանները: Ավելին՝ ձկնորսները նշում են, որ ծառայության ներկայացուցիչները տուգանել են իրենց նաեւ առգրավել ձկնորսական ցանցերը։
Ավելի ուշ արդեն, կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, որոշում է ընդունվել ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիան, շաբաթ եւ կիրակի օրերին ձեւակերպել հարցերն ու խնդիրները եւ դրանք ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։
Լրագրողների հետ հանդիպմանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ համաձայնություն է ձեռք բերվել մինչեւ երեքշաբթի թույլատրել որսը, իսկ հետագա քայլերը մանրամասն քննարկման կարիք ունեն։