կարևոր
1166 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-20 19:15

Կառավարությունը քննարկում է ՍԴ դատավորի նոր թեկնածուի հարցը. Ռուստամ Բադասյան

Կառավարությունը քննարկում է ՍԴ դատավորի նոր թեկնածուի հարցը. Ռուստամ Բադասյան

ՀՀ կառավարությունը քննարկում է սահմանադրական դատավորի նոր թեկնածուի հարցը, ներկայումս որոշում չկա:

Այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսուքյան ասուլիս»-ի ժամանակ:

«ՍԴ դատավորի նոր թեկնածուի հարցի վերաբերյալ դեռ որոշում չկա, լինելուն պես կտեղեկացնենք»,- նշեց Բադասյանը:

Անդրադառնալով ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության հարցին՝ նախարարն ասաց, որ թեկնածությունն առաջադրում է կառավարությունը:

«Ցանկացած թեկնածություն քննարկվում է լայն կազմով և կայացվում է որոշում, որը երբեք չի լինում մեկ անձի որոշումով կամ ներկայացմամբ: Քննարկվել են մի շարք թեկնածություններ, և նույն անձի կողմից ներկայացվել են մի քանի թեկնածուներ, իմ կողմից էլ է մի քանի թեկնածություն ներկայացվել: Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ես եմ ներկայացրել կառավարության քննարկմանը, քննարկվել է և կայացվել է որոշում»,- ասաց նա:

Վահրամ Ավետիսյանը օգոստոսի 17-ին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում իր թեկնածությունը հետ կանչելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել էր հուլիսի 23-ին: Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ  քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է: