կարևոր
1694 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-20 11:58

Վանաձորի երկու տեքստիլ ֆաբրիկաներում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները. Արսեն Թորոսյան

Վանաձորի երկու տեքստիլ ֆաբրիկաներում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մտահոգված է Վանաձոր քաղաքի երկու տեքստիլ ֆաբրիկաներում կորոնավիրուսի թվերի քանակով: Կառավարության օգոստոսի 20-ի նիստի ընթացքում Թորոսյանը հայտնել է, որ այդ ֆաբրիկաներում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները:

«Մի քանի օր առաջ խոսեցինք այն մասին, որ մենք պրոակտիվ գնում և թեստավորում ենք անում: Վանաձոր քաղաքի տարբեր տեսակի հաստատություններից վերցրած գրեթե բոլոր տեղերում ունենք զրոյական դրական արդյունք, բացառությամբ տեքստիլի երկու խոշոր ֆաբրիկաների: Դրանցից մեկում 200 նմուշից 50-ը դրական է եղել: Դա նշանակում է, որ այդ ֆաբրիկայում կանոնները չեն պահպանվում ընդհանրապես»,- ասել է Թորոսյանը:

Նախարարը նշել է, որ այդ դրական դեպքերը հետո տեղափոխվում են ընտանիքներ և հանգեցնում լուրջ հետևանքների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տեսչական մարմինները պետք է ավելի հետևողական լինեն այս հարցում:

Օգոստոսի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42 319 դեպք, որոնցից 35 476-ն` առողջացած, 836-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 756 բուժառու:

Ընդհանուր առմամբ կատարվել է 190 560 թեստավորում: Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ի ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ն ներառյալ: