կարևոր
3570 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-20 09:23

«Գազպրոմ Արմենիա»-ում զանգվածային կրճատումներ են. «Հրապարակ»

«Գազպրոմ Արմենիա»-ում զանգվածային կրճատումներ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում Հայաստանի գործազուրկների բանակը կհամալրվի մի քանի հազարով։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում զանգվածային կրճատումներ են։ Ընկերության լրատվականից հստակեցրին․ «Նախատեսվում է շուրջ 1000 աշխատողների կրճատում, որն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ: Այդ առումով ընկերության կողմից աշխատանքներ են տարվում կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար»:

Կրճատումների պատճառը հաստատված նոր սակագինն է, որն ավելի ցածր է, քան այն, որն իր հայտում ներկայացրել էր «Գազպրոմ Արմենիան»:

Հիշեցնենք․ ներկայացրած հայտում «Գազպրոմն» առաջարկել էր գազի միջին սակագինը 1000 խմ-ի համար դարձնել 283.14 դոլար` ներկայիս 255.06 դոլարի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն հունիսի 19-ին սահմանեց 266.71 դոլար:

Կրճատվելու են հիմնականում հսկիչները՝ շուրջ 7-8 հարյուր հոգի, ադմինիստրատիվ այլ աշխատողներ` ևս։

Աշխատակիցները մեզ ասացին, որ նաև աշխատավարձերն ու պարգևավճարներն են իջնելու, ինչն ընկերությունից ևս հաստատեցին․ ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու որոշման շրջանակում սահմանվել են նաև ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի նոր մեծություններ, որոնք ցածր են ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի առկա մեծություններից․․․ Ֆինանսական միջոցների (գումարների) անհավասարակշռություն և, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ տնտեսական պայմանների փոփոխման հիմքով նվազեցնել բոլոր աշխատողների վարձատրության չափը 20%-ով»»,-գրում է թերթը։