կարևոր
1242 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-19 15:15

Մեկնարկել է Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ միջհամայնքային ճանապարհի շինարարությունը

Մեկնարկել է Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ միջհամայնքային ճանապարհի շինարարությունը

Սեւան քաղաքի համար մեկնարկում է ճանապարհաշինական ամենակարեւոր ծրագրերից մեկը, որին բնակիչները սպասել են տասնամյակների ընթացքում:

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագիրն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի շրջանակներում:

Ծրագրի շրջանակում, ի թիվս հանրապետության 12 ճանապարհների, վերականգնվելու է նաեւ Մ-4 Ցամաքաբերդ-Գոմաձոր 5,3 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն: Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում եւ նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում եւ այլ աշխատանքներ։ Ջրահեռացումն ապահովելու համար նախատեսված է նոր խողովակների տեղադրում, հների նորոգում, նաեւ հենապատերի նորոգում: Հետիոտնի անվտանգությունն ապահովելու համար նախատեսվում են մայթեր եւ արհեստական խոչընդոտների կառուցում: Կտեղադրվեն արգելափակոցներ, կիրականացվեն գծանշումներ:

Հիշյալ ճանապարհահատվածը, որն ունի կարեւորագույն նշանակություն, տասնամյակներ շարունակ եղել է համայնքային առաջնահերթություններից մեկը:

Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 801 միլիոն դրամ: Այժմ ընթանում են հողային աշխատանքներ: Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել ութ ամսվա ընթացքում: Ասֆալտապատվող շերտի մակերեսը կկազմի շուրջ 37 հազար քառակուսի մետր:

Սեւանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ օրերս Սեւան համայնքի Գոմաձոր թաղամասում հրավիրված հանրային լսման մասնակիցները` Գոմաձոր, Ցամաքաբերդ թաղամասերի բնակիչները, Սեւանի համայնքապետարանի, համայնքի ավագանու ներկայացուցիչները, շահագրգիռ անձինք, հնարավորություն են ունեցել՝ ծանոթանալու ծրագրային բաղադրիչներին, ինչպես նաեւ բարձրաձայնելու իրենց հուզող մի շարք հարցեր: «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են ծրագիրը: