կարևոր
1309 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-19 14:20

Մարդն իր ամբողջ կյանքը նվիրել է բանակին, իսկ նրա մասին հերյուրանքներ են տարածում, թե Խաչատուրովը բիլիարդ էր խաղում․ Սերժ Սարգսյան

Մարդն իր ամբողջ կյանքը նվիրել է բանակին, իսկ նրա մասին հերյուրանքներ են տարածում, թե Խաչատուրովը բիլիարդ էր խաղում․ Սերժ Սարգսյան

Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել՝ ո´չ գաղտնի, ո´չ բաց, կոչ եմ անում այդ փաստի վերաբերյալ չդատել իմ ասածներով, այլ դատել փաստերով: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ապրիլյան քառօրյա պատերազմին առնչվող ինչ գաղտնի փաստաթուղթ է ստորագրվել Մոսկվայում:

«Կարող եք վերցնել ԵԱՀԿ-ում տարածված Մինսկի խմբի համանախագահների 2016–ի ապրիլի 12-ի հայտարարությունը: Այդ հայտարարությունում շատ հստակ գրված է, որ ուժի մեջ է 1994 թվականի անժամկետ համաձայնագիրը, եթե ուժի մեջ է ապա ուրիշ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, հո համանախագահներն էլ չէին խաբելու, մենք իրավունք չունենք նրանց կասկածելու սուտ ասելու մեջ: Մինսկի խմբի համանախագահները հո չե՞ն կարող ապատեղեկատվություն տալ միջազգային հանրությանը: Դուք կարող եք ծանոթանալ այդ ժամանակահատվածում Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությանը և ի վերջո հոկտեմբեր ամսի ԵԱՀԿ նախարարական հավաքի ժամանակ ընդունված հայտարարությանը: Բոլոր իմ նշած հայտարարություններում ասվում է, որ 94 թվականի կնքված անժամկետ համաձայնագիրը ուժի մեջ է: Այստեղ կասկածելու ի՞նչ կա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ այդ փաստաթղթի հետ կապված է, որ գեներալ Յուրի Խաչատուրովը չի գնում Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին, Սերժ Սարգսյանն ասաց, որ մի քանի անգամ զրույց է ունեցել գեներալ Խաչատուրովի հետ:

«Ես ըմբռնումով եմ մոտենում Խաչատուրովի դիրքորոշմանը: Խաչատուրովը շատ երկար ժամանակ իր կյանքի լավագույն հատվածը նվիրել է Հայաստանի անվտանգությանը, նա ռազմական գործողությունների հենց սկզբից շատ ակտիվ և կարևոր մասնակցություն է ունեցել մեր հաղթանակներում: Խաչատուրովն ուղնուծուծով զինվորական է, գեներալ է և նրա համար շատ վիրավորական էին մինչ այդ եղած հայտարարությունները: Մարդն իր ամբողջ կյանքը նվիրել է բանակին, Հայաստանի անվտանգությանը, իսկ նրա մասին հերյուրանքներ են տարածում, թե ռազմական գործողություները սկսելու պահին Խաչատուրովը բիլիարդ էր խաղում»,- ասաց նա:
Նա հավելեց. «Դուք ձեզ վրա վերցրեք, ձեր ամբողջ գիտակցական կյանքը նվիրեք մի գործի ու պատահական մարդիկ սկսեն հեքիաթներ պատմել ձեր մասին, վատ առումով հեքիաթներ: Ես նույնիսկ Հանձնաժողովի նիստի ժամանակ ասացի՝ մեկ անգամ ևս կհորդորեմ, որ նա մասնակցի նիստին, այս հորդորն էլ չընդունեց Խաչատուրովը: Ձեզ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե ինչպես կարող է Խաչատուրովն իմ ասածը չանել, բայց ուզում եմ հասկանաք՝ ես այլևս գլխավոր գերագույն հրամանատար չեմ և Խաչատուրովն էլ Զինված ուժերի շտաբի պետը չէ, ես պաշտոնաթող նախագահ եմ, Խաչատուրովն էլ՝ պաշտոնաթող գեներալ և կարող է ունենալ իր կարծիքը»:

Սերժ Սարգսյանը նշեց, որ կանցնի ժամանակ, Խաչատուրովն էլ առիթ կունենա շփվել լրագրողների հետ ու նաև իր դիրքորոշումն արտահայտել:

Հարցին էլ՝ որպես այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատար, ո՞րն է համարում իր ամենամեծ բացթողումն այդ պատերազմում, և ո՞րն է մեր հաղթանակի չափման միավորը, երրորդ նախագահը նշեց, որ ոչ ոք չի կարող ասել, թե ինքը միշտ անսխալ է եղել անկախ զբաղեցրած պաշտոնից: «Այն մարդը, որ մեծ քանակով ամեն օր բազմաթիվ որոշումներ է կայացնում, անշուշտ, այդ պաշտոնատար անձանց սխալներն ավելի տեսանելի են: Ես չեմ տեսնում իմ կողմից կամ ԶՈւ-երի որևէ ղեկավարի կողմից այնպիսի սխալ, որի մասին հիմա արժե խոսել»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանն ընդգծեց՝ Ապրիլյան պատերազմում հաղթել ենք, իսկ չափման միավորը Ադրբեջանի պլանների ձախողումն է: «Հաջողությունը երբեք կիլոգրամներով չի կարելի չափել, հաջողությունը չափվում է քաղաքական հայտարարություններով, հաջողությունը չափվում է միջնորդների հայտարարություններով, երբ նրանք ասում են անթույլատրելի էր Ադրբեջանի վարքագիծը: Մի փոքր շեղվեմ և ասեմ՝ ԼՂ խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում, Ադրբեջանի որևէ ղեկավար երբեք չի համաձայնելու կամովին ԼՂՀ անկախությանը: Սա է չափման միավորը և անկեղծ եմ ասում՝ մենք երբեք որևէ հաղթանակ մետրով կամ կիլոմետրով չենք չափել»,- ընդգծեց նա:

 

Տեքստը՝ tert.am