կարևոր
1317 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-19 13:51

Բազմաթիվ տեղերում ունեցել ենք դիրքային բարելավումներ, ուղղակի դա արել ենք առանց աղմուկի․ Սերժ Սարգսյան

Բազմաթիվ տեղերում ունեցել ենք դիրքային բարելավումներ, ուղղակի դա արել ենք առանց աղմուկի․ Սերժ Սարգսյան

Մենք նախօրոք չենք իմացել, որ 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն։ Այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, պաշտոնաթողությունից հետո առաջին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մենք ունեցել ենք նախնական տեղեկություն արդեն ամսի 1-ին, օրվա երկրորդ կեսին, որ ադրբեջանցիների կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն և ենթադրող հատվածներում համապատասխան աշխատանք կատարվել է։ Պետք է ասեմ, որ, ցավոք սրտի, աշխարհի նույնիսկ լավագույն հետախուզությունները չեն կարողանում ունենալ ամբողջական տեղեկատվություն։ Կարծում եմ՝ դուք չեք կասկածում, որ աշխարհի լավագույն հետախուզական ծառայություններից մեկը Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունն է, որ նախնական տեղեկություններ չուներ սեպտեմբերի 11-ի ողբերգության իրականացման մասին»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Երրորդ նախագահը համոզված է, որ բոլոր այն հայտարարությունները, թե իբր ռազմաքաղաքական ղեկավարությունն իմացել է հարձակման մասին ստույգ տեղեկություններ, ուղղակի հնչեցվել են մարդկանց կողմից, որոնք հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու հետախուզության կողմից տրամադրված տեղեկություններին կամ չեն պատկերացնում՝ ինչ է նշանակում հետախուզական տեղեկություններ։

Լրագրողների խնդրանքով՝ զուգահեռներ անցկացնելով ապրիլյան պատերազմի և տավուշյան դեպքերի միջև, Սերժ Սարգսյանը նշեց․ «Որևէ կերպ չի կարելի համեմատել ապրիլյան քառօրյան և տավուշյան իրադարձությունները։ Տարբերությունը շատ մեծ է, մի բան է լայնածավալ ռազմական գործողություններ, որ մղվում էին 200-ից ավելի կմ հատվածում, մեկ այլ բան է մարտական բախումը, որ տեղի է ունենում մի քանի 100 մետր հատվածներում։ Անշուշտ, Տավուշում մեր զինված ուժերն իրենց լավագույնս դրսևորեցին և կատարեցին չափազանց կարևոր խնդիր, սա պետք է գնահատել և շնորհավորել մեր զինված ուժերին։ Բայց նույնը պետք էր անել 2018 թ․ մայիս հունիս ամիսներին Նախիջևանի ուղղությամբ, դա անհրաժեշտություն էր»։

Սերժ Սարգսյանը նկատառումներ ուներ տավուշյան դեպքերի վերաբերյալ, մասնավորապես, թե ինչ սխրագործությունների համար են 7 տասնյակ զինծառայողներ պարգևատրվում «Մարտական խաչ» շքանշանով։

«Ցանկալի կլիներ, որ մեր հանրությունը, այդ թվում՝ ես, ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե հատկապես, որ սխրագործության համար են բոլոր 71 հոգին պարգևատրվել «Մարտական խաչով», պարգևատրվել այդ շատ բարձր շքանշաններով։ 1994 թ․ կնքած հրադադարից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը նախորդ 4 տարիների ռազմական գործողությունների և դրանցում ակտիվ մասնակցություն ունեցողներից ընդամենը 2 տասնյակ հոգի պարգևատրվեցին «Մարտական խաչ» շքանշաններով»,- ասաց նախագահը։

Դիտարկմանը, որ ի տարբերություն ապրիլյան պատերազմի, 2020 թ․ հուլիսին Տավուշում հայկական կողմը դիրքերի բարելավում ունեցավ, Սերժ Սարգսյանը նշեց․ «1994 թ․ հրադադարից հետո այդ գործընթացը երբեք կանգ չի առել, մինչև ապրիլյան պատերազմը, բազմաթիվ տեղերում՝ Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի մարզերի և շփման գծում մենք ունեցել ենք բազմաթիվ բարելավումներ։ Ուղղակի մենք դա արել ենք լուռ, առանց աղմուկի, որովհետև մեզ համար կարևորը եղել է այն հանգամանքը, որ անհրաժեշտություն կա դիրքային բարելավումների և մեր վերահսկելի տարածքը ընդլայնելու։ Եվ կարևորը այն չէ, որ դրա համար շեփորահարենք՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ և, այսպիսով` շահագրգռելով Ադրբեջանին փոխադարձ գործողություն կատարել»։