կարևոր
1483 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-19 13:01

Մինչ օրս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն սպասարկել է շուրջ 1752 պացիենտի. ամփոփվել են ինֆեկցիոն մասնաճյուղի աշխատանքները

Ամփոփվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի աշխատանքները: Նշվում է, որ ըստ առողջապահության նախարարի 1239-Ա հրամանի՝ կենտրոնը հիմնականում սպասարկել է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների: COVID-19-ով վարակված առաջին պացիենտը կենտրոն է ընդունվել ապրիլի 8-ին։

Հիվանդության տարածվածության ֆոնին հիմնանորոգվել է բժշկական կենտրոնի ևս մեկ մասնաշենք, որտեղ մեկ ամսվա ընթացքում ծավալվել է 100 մահճակալային ֆոնդով ևս մեկ սոմատիկ բաժանմունք։

Մինչ օրս կենտրոնը սպասարկել է շուրջ 1752 պացիենտի, որոնցից 1185-ը բուժօգնություն է ստացել թերապևտիկ, իսկ 567-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում։ Հնարավոր չի եղել փրկել 142 քաղաքացու կյանք:

Ամփոփման մեջ նշվում է նաև, որ վերակենդանացման մահճակալների թվով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը խոշորագույններից է` 58 ռեանիմացիոն մահճակալով:

Վերոնշյալներից զատ՝ կառուցվել է թթվածնային երկու հզոր կայան և ավտոնոմ էլեկտրամատակարարման համակարգեր: Ինչպես նաև զրոյից ստեղծվել է շուրջ 300 նոր աշխատատեղ: