Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր՝ օգոստոսի 12-ին, «Սասնա ծռերի» գործով դատական նիստին գործով տուժողների ներկայացուցիչները հանդես եկան ճառով։
Գործով տուժողները դատարանին միջնորդեցին գործով ամբաստանյալների նկատմամբ կիրառել օրենքով նախատեսված ամենախիստ պատիժը։
«Ինչ ասես՝ չտեսանք այս ընթացքում. ստախոսությունից մինչեւ դավաճանություն։ Այս ամբողջ խեղկատակության նպատակը սեփական կաշին փրկելն է։ Ուրախ եմ, որ այս ամենը շուտով կվերջանա։ Տագնապ ունեմ. արդարություն իրականացնողները կկարողանա՞ն օրենքին համարժեք պատիժ սահմանել, կկարողանա՞ն դիմակայել ճնշումներին, անտեսել սուտ մարդասիրական կոչերը։ Ի՞նչ ապստամբություն, ի՞նչ հայրենասիրություն. սրանք իրենց սասնա ծուռ են կոչում, ո՞ր սասնա ծուռն է իր հայրենիքի մայրաքաղաքում հարձակվում իր հայրենիքի ամրոցի վրա ու սպանում պահապաններին։ Մեղք է գրապանահատի մտածողությամբ ու պահվածքով սասնա ծուռ կոչել։ Ես արյան գին չեմ ուզում, արդարություն եմ պահանջում։ Իմ երեխաների հորը արդեն ոչ ոք չի վերադարձնի, բայց ոճրագործների իրական պատժի դեպքում կկարողանամ պատասխանել՝ ուր է մեր հայրը։ Պատկերացրեք, հարգելի դատարան, որ մարդասպանի քմահաճույքով զոհվել է ձեր հազարատը ու ոճրագործը ոչ թե թողություն է խնդրում, այլ ծիծաղում է ձեր ցավի վրա»,- ասաց տուժողի ներկայացուցիչը։
Տուժողի մյուս ներկայացուցիչը շեշտեց, որ գործով մեղադրող դատախազի կողմից միջնորդած պատիժներն անհամաչափ են եւ չեն համապատասխանում կատարված արարքների հանրային վտանգավորթւոյան բարձր աստիճանին։
«Զինված հարձակում, որը խլեց մարդկային կյանքեր, ծնողազուրկ դարձրեց 7 երեխայի, այրի դարձրեց մեզ։ Ինչպե՞ս կարելի է պետությունից նեղացած լինել եւ ամբողջ մեղքը գցել Ոստիկանության աշխատակիցների վրա՝ վրեժխնդիր լինելով նրանցից։ Եթե այս դատավճիռ մեղմ լինի, ուրեմն ամեն տեղից ելնողը կկատարի նույն զինված հարձակումը»,- ասաց ասաց տուժողի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին գործով մեղադրող դատախազները հանդես էին եկել մեղադրական ճառով։
Մեղադրող կողմը դատարանին միջնորդել էր Արայիկի Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հիմքով, Արեգ Կյուրեղյանին, էդվարդ Գրիգորյանին պատիժ սահմանել՝ 8 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 9 ամիս, Սեդրակ Նազարյանին 9 տարի, Մխիթար Ավետիսյանին 8 տարի, 9 ամիս, Վարուժան Ավետսիյանին 8 տարի 9 ամիս, Պավել Մանուկյանին 9 տարի, Արմեն Բիլյանին 21 տարի ժամկետով, Սմբատ Բասեղյանին՝ ցմահ ազատազրկում։
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։
Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:
«Սասնա Ծռեր»-ի գործով նիստը հետաձգվեց։