կարևոր
2352 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-19 11:44

Մոտ ապագայում երկու քաղաքական ուժերի միջև կհաստատվի սերտ համագործակցություն. Արթուր Վանեցյանը հանդիպել է Վիտալի Բալասանյանի հետ

Մոտ ապագայում երկու քաղաքական ուժերի միջև կհաստատվի սերտ համագործակցություն. Արթուր Վանեցյանը հանդիպել է Վիտալի Բալասանյանի հետ

Օգոստոսի 18-ին Արցախի «Արդարություն» կուսակցության գրասենյակում կայացել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և «Արդարություն» կուսակցության ղեկավար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հանդիպումը։ Ըստ  «Հայրենիք» կուսակցության մամուլի ծառայության՝ իր խոսքում Վիտալի Բալասանյանը նշել է, որ պատրաստ է լսել «Հայրենիք» կուսակցության մտահոգություններն ու մտքերի շարունակական փոխանակմամբ ստեղծել համագործակցային նպաստավոր դաշտ։

«ՀՀ բոլոր քաղաքական ուժերի, անհատների, յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու հետ հանդիպման ընթացքում մենք շեշտադրել ենք, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, վտանգավոր բնույթ է կրում։ Եթե Մայր Հայրենիքն ընդհուպ մեկ միլիմետրի շեղում արձանագրի, հակապետական զարգացումներ տեղի ունենան, դա կնշանակի՝ կործանում Արցախի, Մայր Հայրենիքի ու համայն հայության համար»,- ընդգծել է Վիտալի Բալասանյանը։

Իր հերթին  Արթուր Վանեցյանն էլ նկատել է, որ Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները փաստեցին, որ Արցախի ժողովրդի մի ստվար զանգված աջակցում ու վստահում է Վիտալի Բալասանյան քաղաքական ու ռազմական գործչին։ Իզուր չէ նաև, որ Արցախի ԱԺ-ում «Արդարություն»-ը ներկայացված է որպես խորհրդարանական երրորդ ուժ։

Անդրադարձ կատարելով հայկական ներքաղաքական գործընթացներին՝ Վանեցյանն ընդգծել է, որ «Հայրենիք» կուսակցությունը ՀՀ-ում ընդդիմադիր քաղաքական ուժ է, որի գաղափարախոսությունը հիմնված է ազգային արժեքների պահպանման ու պետական շահի առաջ մղման վրա։

Շեշտելով, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր քաղաքական իշխանությունը, մեղմ ասած, «վատառողջ» է՝ Արթուր Վանեցյանը համոզմունք  է հայտնել առ այն, որ առանց ուժեղ ընդդիմության, իշխանությունը վտանգավոր է պետության և ժողովրդի համար։

«Որոշ ուժերի կողմից այսօր ոտնահարվում են մեր ազգային արժեքները եւ ինքնությունը, սակայն գաղափարակիցների հետ միասնական ջանքերով մենք կպայքարենք նման հակապետական մտածելակերպ ունեցող անհատների ու խմբավորումների դեմ»,-ասել է Վանեցյանը՝ մատնանշելով, որ պետական շահից վեր որևէ արժեք գոյություն չունի, հետևաբար համախմբումը պետք է տեղի ունենա հենց այդ գաղափարի շուրջ։

«Մոտ ապագայում երկու քաղաքական ուժերի միջև կհաստատվի սերտ համագործակցություն, ինչի շրջանակում փաստաթղթային հիմք կհանդիսանա համագործակցության մասին հուշագիրը»,-հանդիպումն հենց այս խոսքերով է ամփոփել Արթուր Վանեցյանը։