կարևոր
2000 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-18 17:25

Հարգում ենք նրա որոշումը. Մակունցը՝ ՍԴ դատավորի թեկնածությունից Վահրամ Ավետիսյանի հրաժարվելու մասին

Հարգում ենք նրա որոշումը. Մակունցը՝ ՍԴ դատավորի թեկնածությունից Վահրամ Ավետիսյանի հրաժարվելու մասին

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հարգում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունից Վահրամ Ավետիսյանի հրաժարվելու որոշումը: Այս մասին օգոստոսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Պարոն Ավետիսյանը ինքն է որոշել, որ կառավարությունը չդիտարկի իր թեկնածությունը, մենք հարգում ենք նրա որոշումը և մաղթում մասնագիտական հաջողություններ»,- ասաց Մակունցը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Ավետիսյանը «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո է նման որոշում կայացրել, նշելով, որ Ազգային ժողովում 80 ձայն չի ստանա, Մակունցն ասաց, որ, հավանաբար, այդպիսի տպավորության պատճառ են դարձել իրեն ուղղված հարցերը:

«Հանդիպումն անցել է նույն ձևով, ինչպես բոլոր այլ թեկնածուների հետ: Հնչել են սուր հարցեր նաև, հավանաբար դա էր պատճառը, որ պարոն Ավետիսյանի մոտ այդպիսի տպավորություն էր»,- նշեց խմբակցության ղեկավարը:

Օգոստոսի 17-ին Վահրամ Ավետիսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում իր համաձայնությունը հետ կանչելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել էր հուլիսի 23-ին: Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ  քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է: