կարևոր
2179 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-18 12:43

COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութը շուկայում կհայտնվի դեկտեմբերի վերջին

COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութը շուկայում կհայտնվի դեկտեմբերի վերջին

COVID-19-ի դեմ չինական ապակտիվացված պատվաստանյութը հավանության արժանանալուց հետո կարող է շուկայում հայտնվել այս տարվա դեկտեմբերի վերջին: Այդ մասին հայտարարել է Sinopharm պետական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ, կուսակցական կոմիտեի քարտուղար Լյու Ցզինչժենը. հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ապրիլի 27-ին Պեկինի Կենսապատրաստուկների հետազոտական ինստիտուտն սկսել է ապակտիվացված պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, հունիսի 28-ին հրապարակվել են կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլի արդյունքները, հունիսի 23-ին Sinopharm-ը Արաբական Միացյալ Էմիրություններում ձեռնամուխ է եղել միջազգային կլինիկական փորձարկումների երրորդ փուլին: Միջազգային կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ավարտից հետո կարելի է անցնել ապակտիվացված պատվաստանյութին հավանություն տալու փուլին, սպասում ենք, որ մինչեւ այս տարվա դեկտեմբերի վերջը պատվաստանյութը կկարողանա հայտնվել շուկայում»,-Լյու Ցզինչժենի խոսքը մեջբերում է «Չժունգո վան հրատարակությունը:

Նա պատմել է, որ փետրվարի 16-ից կորպորացիան սկսել է պատվաստանյութի իմունոգենային հետազոտություն անցկացնել յոթ տեսակի փորձարարական կենդանիների, այդ թվում՝ սպիտակ առնետների, մկների, ծովախոզերի, մակակա կապիկների եւ ճագարների վրա, եւ ստուգել պատվաստանյութի արդյունավետությունը: Այնուհետեւ պատվաստանյութի փորձարկումներ են անցել ոչ մեծ խումբ մարդիկ, որից հետո սկսվել են կլինիկական փորձարկումները: Դրան զուգահեռ ապակտիվացված պատվաստանյութի հետազոտություններ են անցկացվել Ուհանի Կենսապատրաստուկների հետազոտական ինստիտուտի կողմից, որտեղ ապրիլի 12-ին տեղի են ունեցել կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերը. հունիսի 16-ին հրապարակված արդյունքները, Լյու Ցզինչժենի խոսքով, վկայում են պատվաստանյութի անվտանգության մասին, ծանր կողմնակի ազդեցության ոչ մի դեպք չի գրանցվել, փորձի մասնակիցների մոտ պատվաստումից հետո մշակվել են հակամարմիններ: