կարևոր
1319 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-18 12:09

Գեղարքունիքի և Վայոց ձորի 34 բնակավայրում «խելացի» անասնաշենքեր կկառուցվեն

Գեղարքունիքի և Վայոց ձորի 34 բնակավայրում «խելացի» անասնաշենքեր կկառուցվեն

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցության շրջանակում մեկնարկում է «Միասին» ծրագիրը, որը կաջակցի Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում «խելացի» անասնաշենքերի կառուցմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Միասին» նախագիծը նախատեսված է 280 քմ արտադրական տարածքով, անկապ բոքսային պահվածքով «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման համար։ Այն մասնակի համաֆինանսավորում է ՀՀ կառավարության կողմից 50 տոկոս պետական աջակցություն ստացած շահառուի մասնաբաժնի գնահատված ծախսերի ոչ ավելի, քան 70 տոկոսը։

«Կարևորելով Հայաստանի սահմանամերձ համայնքների կայուն զարգացումը` ՄԱԶԾ-ի հետ համատեղ մշակեցինք համագործակցության յուրահատուկ ձևաչափ. համախմբելով առկա ռեսուրսները` ձեռնամուխ կլինենք ընտրված մարզերում և համայնքներում առավելագույն չափով նպաստել «խելացի» անասնաշենքերի կառուցմանը, ինչը մեծ խթան կդառնա կաթի արժեշղթայի զարգացմանը։ Համոզված եմ, որ նմանատիպ համագործակցությունն էլ ավելի լայն կիրառություն կապահովի պետական օժանդակության զարգացման ծրագրերին, և մեր սահմանած նպատակներին կկարողանանք հասնել առավելագույն կարճ ժամկետում։ Մենք հանձնառու ենք ծրագրի հաջող իրականացմանը, քանի որ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումն այս բնակավայրերում կխթանի նոր ագրոմշակույթի ձևավորումը, և այս հաջողության օրինակը վարակիչ կլինի հարևան բնակավայրերի համար»,- նշել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

ՄԱԶԾ մասնակի համաֆինանսավորման կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն և մշտական բնակություն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում, ունեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պետական աջակցության պայմանագիր, ունեն խոշոր եղջերավոր անասնագլխաքանակ և մասնակցել են անասնաբուծության վարման վերաբերյալ մեկշաբաթյա դասընթացներին և ունեն հավաստագիր։

«Սա բացառիկ ձևաչափ է, քանի որ ՄԱԶԾ-ն առաջին անգամ է մշակել համագործակցության նմանատիպ մոդել՝ օժանդակելու պետական աջակցության ծրագրին: Ծրագիրն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերի շրջանակում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում տոհմային «խելացի» անասնապահություն զարցացմանը, ինչն, իր հերթին, կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը և երկրի պարենային անվտանգությանը»,- նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան։

«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմիցիրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղՄրցույթի վերջնաժամկետն է 2020 թ սեպտեմբերի 1-ը։ Պայմաններին և դիմելու ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ shorturl.at/EJNP5: