կարևոր
1158 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-17 17:38

«Անորոշ, սպասողական վիճակ է». ՌԴ մեկնել ցանկացողները դեռ պատասխանի են սպասում

«Անորոշ, սպասողական վիճակ է». ՌԴ մեկնել ցանկացողները դեռ պատասխանի են սպասում

Ռուսաստան մեկնել ցանկացող Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները, որոնք օգոստոսի 12-ին՝ Կառավարության  իսկ ավելի վաղ՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ էին իրականացնում և պահանջում բացել սահմանները, որ կարողանան գնալ ՌԴ, իրենց անուն-ազգանուններով, ստորագրություններով, բնակության վայրերով նամակ էին ուղարկել ԱԳՆ՝ հույս ունենալով, որ գոնե այս կերպ իրենց հարցը կլուծվի: Ցուցարարների խոսքով՝ ՌԴ-ում են իրենց ընտանիքները, շատերի երեխաները փոքր են, շատերն էլ պարզապես ցանկանում են գնալ արտագնա աշխատանքի: Այսօր 168.am-ի հետ զրույցում ցույցերի համակարգողներից Քրիստինե Սարգսյանը հայտնել է, որ ԱԳՆ-ից դեռ պատասխան չունեն, փոխարենը՝ կարդացել են «Риа новости»-ի հոդվածը, ըստ որի՝ «Վեստնիկ ԱՏՈՐ» Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով՝ սեպտեմբերի 1-ից վերսկսվելու են ԱՊՀ երկրների մեծ մասի հետ կանոնավոր չվերթերը, այդ թվում՝ Հայաստանի:

«Դեռ պաշտոնական որևէ հայտարարություն չկա, բայց հիմա բոլորս դրան ենք սպասում: Ռուսական ալիքներով ասում են, որ ամսի 20-ին իրենց մոտ նիստ է լինելու, պաշտոնապես հայտարարվելու է՝ բացվելո՞ւ է, թե՞ ոչ: 20-ից հետո կհասկանանք՝ ի՞նչ ենք անում: Անորոշ, սպասողական վիճակ է»,- ասել է Քրիստինե Սարգսյանը:

Հարցին, թե արդյո՞ք արժանահավատ համարո՞ւմ են այս տեղեկությունները, Սարգսյանը պատասխանել է, որ ոչ այնքան, քանի որ տոմսերի վաճառք չեն իրականացնում:

«Տոմսեր կան, ասում են՝ թռիչքներ կան հաստատված, բայց տոմսերի վաճառք թույլ չեն տալիս ո՛չ մեր մոտից, ո՛չ Ռուսաստանից, ասում են՝ ամսի 29-ից հետո նոր կարող ենք վաճառել: Ավիակոմպանիաներում, տուրիստականներում շատ ծանոթներ ունենք, ասում են, որ ծրագիրը մինչև ամսի 29-ը տոմսերի վաճառք թույլ չի տալիս: Չենք հասկանում՝ սա՞ էլ է ինչ-որ փափուկ բարձ, էլի արտակարգ դրության ավարտին ենք սպասելո՞ւ, թե՞ իրոք կբացվի, Աստված գիտի, բոլորիս մոտ մի ուրիշ տեսակ պանիկա է»:

Քրիստինե Սարգսյանը պատմել է, որ առայժմ անգամ Ռուսաստանից Հայաստան չեն կարողանում գալ:

«Ոչ այստեղից են կարողանում գնալ, ոչ այնտեղից գալ: Մեր պարետը հայտարարեց, որ դեպի Հայաստան օտարերկրացիների ճանապարհն արդեն բաց է, երբվանի՞ց է, ի՞նչ է, ո՞նց է՝ չգիտեմ, բայց ունենք ծանոթներ, որոնք գնացել են ավիակասսաներում ճշտել են, ասել են, որ նման հրաման չունեն, որ տոմսեր վաճառեն դեպի Հայաստան: Դեպի Թուրքիա, Աբխազիա, որոնց հետ ի սկզբանե Ռուսաստանը սահմանը բացել է, տոմսեր կան, բայց Հայաստան՝ չկա: Թե հիմա ինչ-որ ժամկետ կա, որից հետո նոր հրամանն ուժի մեջ է մտնելու, մենք տեղյակ չենք, չգիտեմ, բայց այս պահին որևէ բան չի փոխվել»:

Ցույցերի համակարգողներից մեկն օգոստոսի 12-ի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ առանձին զրուցել է Արտաքին գործերի նախարար  Զոհրաբ Մնացականյանի հետ, և հույս էր հայտնել, որ հարցին դրական լուծում կտրվի, սակայն այս մասով էլ որևէ նորություն դեռ չկա:

«Ասել էին, որ սեպտեմբերի 8-ից հետո կարող է ցամաքով, տրանզիտով թույլ տան գնանք, բայց ոչ մի նորություն չկա: Ցամաքի հետ կապված, կարծում եմ, առհասարակ չեն բացի, քանի որ Վրաստանն անընդհատ գրում է, որ միայն բեռնափոխադրումների համար է սահմանն անցանելի, իսկ մարդատար մեքենաների անցանելիության հարցն ընդհանրապես չի էլ քննարկվում դեռ: Մեր պարետն էլ նշեց, որ Վրաստանի հետ բանակցություններ չեն գնում, քանի որ իրենք պատրաստ չեն այս պահին սահման բացել մեզ համար»,- նշել է Սարգսյանը:

Հիշեցնենք՝ ցույցերի համակարգողները հայտնում են, որ մոտ 2000 մարդ այս պահին ցանկանում է գնալ ՌԴ, բայց չեն կարողանում: Նրանց թվում են՝ ինչպես ՀՀ, այնպես էլ՝ ՌԴ քաղաքացիներ: