Բարձագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը կարծում է, որ ՀՊՏՀ ռեկտորի վերաբերյալ ԿԳՄՍՆ որոշումը հնարավոր է վիճարկել դատական կարգով։ Ավելին՝ պատրաստվում են հետաքրքրվել, թե արդյո՞ք հնարավոր է Կառավարությանը բողոքարկել, քանզի, ըստ Գոգյանի այն շատ սխալ է և խոցելի։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է անձամբ կոմիտեի նախագահը, մանրամասնելով, որ փետրվարի 19-ին նախարարից գրություն են ստացել ընդունել ի գիտություն, հիմքերի առկայության դեպքում վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնել նախարարությանը։
«Մենք կատարել ենք նախարարի հանձնարարականը, այլ բան, թե արդյո՞ք հանձնարարականը նկատի են ունեցել, որ վերաբերվի կոնկրետ տիկին Դիանա Գալոյանին, թե այլ անձի։ Այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- նշել է Սմբատ Գոգյանը։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ-ն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ բավարարել է Դիանա Գալոյանի վարչական բողոքները՝ անվավեր ճանաչելով ԲՈԿ նախագահի հրամանները։
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 17-ին Դ. Գալոյանն ընտրվել է ՀՊՏՀ ռեկտոր և նույն օրը ԲՈԿ նախագահի հրամանով անվավեր էր ճանաչվել նրա՝ դոկտորի գիտական աստիճանը:
Սմբատ Գոգյանի կարծիքով՝ կան բազմաթիվ բարձրաստիճան գիտական պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնց դոկտորական ատենախոսությունները շատ անորակ են և գիտականորեն իրենցից ոչինչ չեն ներկայացնում։
«Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել դա մեկնաբանել, որովհետև դա զուտ իմ անձնական կարծիքն է և այդ մարդիկ, որոնք այժմ գիտական հիմնարկներ, բուհեր են ղեկավարում, ունեն շատ թույլ գիտական արդյունք, փաստացի, նորմալ գիտնական չեն, բայց քանի որ ԲՈԿ-ի գործունեության տիրույթներից դուրս է նրանց գնահատական տալը, ես համբերատարորեն լռում եմ և պարզապես հույս ունեմ, որ մի օր նրանց փոխարեն կգան իսկական վարչարար, ակտիվ գործունեություն ծավալող ղեկավարներ, որոնք կկարողանան բուհական համակարգը հանել այս վիճակից»,- մանրամասնել է նա, հավելելով, որ գրագողության դեմ պայքարը ԲՈԿ-ի անմիջական պարտականությունների մեջ է և գիտական կառույցներում չեն կարող լինել գրագող ղեկավարներ։
«Մենք անդրադառնում ենք այն դեպքերին, որոնք բարձրաձայնել է հանրությունը և կոնկրետ ունենք վարչապետի անունից հանձնարարական։ Եվ Ռուբեն Հայրապետյանի, և Գագիկ Գալստյանի, և Դիանա Գալոյանի դեպքում ունեցել ենք վարչապետից կոնկրետ հանձնարարականներ նախարարությանը, և նախարարությունը ընթացք է տվել ու ստացել են մասնագետների որակավորումներ»,- նշել է նա։
Սմբատ Գոգյանի տեղեկացմամբ՝ Գագիկ Գալստյանի և Ռուբեն Հայրապետյանի դեպքում գրությունները մակագրվել են ԲՈԿ-ին, իսկ Դիանա Գալոյանի դեպքում նախարարության ռեսուրսներով են ուսումնասիրություն իրականացրել։
«Արդեն 3 ամիս է՝ ես այդ խնդիրը բարձրաձայնել եմ և ոչ մի անձից պատասխան չեմ ստացել, թե արդյոք նորմալ է, որ մարդու դոկտորականն ուսումնասիրող հանձնաժողովի մեջ ընդգրկված են թեկնածուականի գիտական ղեկավարը, նրա մենագրության համահեղինակը և կոնկրետ այդ պահին նրա հետ գրանտային համատեղ գործունեություն ծավալող թիմի անդամը։ Դա, իհարկե, գիտական էթիկայի խնդիր է, և ԲՈԿ-ը բնականաբար հետևում է գիտական էթիկայի կանոններին»,- իր ուղիղ եթերում մեկնաբանել է ԲՈԿ նախագահը։