23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 16-ին այցելել է Ասկերանի շրջանի հողատարածքներ և տեղում քննարկել ոռոգման հնարավորությունները:
Արցախի ղեկավարը նշել է, որ զարգացած գյուղատնտեսություն և երաշխավորված բերք ունենալու համար կարևոր նշանակություն ունի ոռոգման կայուն համակարգի ստեղծումը, և պետական զգալի միջոցներ են ուղղվում այդ նպատակին: Շրջայցի ընթացքում լինելով Նախիջևանիկ, Վարդաձոր և Ուղտասար համայնքներին պատկանող դաշտերում՝ Հանրապետության նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել ինչպես նոր ջրագիծ անցկացնելու, այնպես էլ ինքնահոս եղանակով ոռոգում իրականացնելու նպատակով բարձրադիր վայրերում ջրահավաք ավազաններ կառուցելու վերաբերյալ:
Այցի ընթացքում նախագահը եղել է նաև Ասկերան քաղաքում, ծանոթացել շրջկենտրոնում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքներին: Հաշվի առնելով առկա մեծ պահանջարկը՝ նախագահ Հարությունյանը հանձնարարել է առաջիկայում աշխատանքներ տանել նաև նոր բազմաբնակարան շենքերի կառուցման ուղղությամբ:
Այնուհետև շրջանի վարչակազմի շենքում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանն ամփոփել է շրջայցի արդյունքները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Ասկերան քաղաքի և Խանապատ համայնքի խմելու ջրի ապահովման հարցերին:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին գյուղատնտեսության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և զարգացման նախարարները և պաշտոնատար այլ անձինք: