կարևոր
672 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-17 12:43

Սվետլանա Տիխանովսկայան ազգին ուղղված նոր տեսաուղերձ է հրապարակել՝ ասելով, որ պատրաստ է ղեկավարել Բելառուսը

Սվետլանա Տիխանովսկայան ազգին ուղղված նոր տեսաուղերձ է հրապարակել՝ ասելով, որ պատրաստ է ղեկավարել Բելառուսը

Բելառուսում կրքերը չեն հանդարտվում: Լիտվա տեղափոխված ընդդիմության նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ազգին ուղղված նոր տեսաուղերձ է հրապարակել՝ կոչ անելով ուժայիններին անցնել ժողովրդի կողմը:

Տիխանովսկայան ընդգծել է, որ երբեք էլ չէր ցանկացել զբաղվել քաղաքականությամբ, բայց ճակատագրի բերումով հայտնվել է անարդարության դեմ պայքարի առաջնագծում ու հիմա՝ այս շրջանում, պատրաստ է ղեկավարել Բելառուսը, որպեսզի երկրում կրքերը հանդարտվեն:

Հիշեցնենք, որ ի սկզբանե ընդդիմության նախագահի թեկնածություն պետք է լիներ Տիխանովսկայայի ամուսինը, սակայն նրան ձերբակալեցին ու զրկեցին այդ իրավունքից: Սվետլանա Տիխանովսկայան նշել է, որ պետք է անցկացնել նախագահի նոր ընտրություններ, որոնց արդյունքը ընդունելի կլինի միջազգային հանրության համար:

6-րդ անգամ վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, կիրակի Մինսկում իր աջակիցների հանրահավաքի ժամանակ, հայտարարել է, որ չի հանձնի երկիրն անգամ մահից հետո, իսկ եթե ժողովուրդը բարեփոխումներ է ուզում, իշխանությունները պատրաստ են հենց վաղն էլ սկսել:

Բելառուսի ներքին գործերի նախարարության տվյալներով, նախագահին աջակցող ցույցին մասնակցել է 65 հազար մարդ: Բայց էլ ավելի մարդաշատ էր դրան զուգահեռ անցկացվող ընդդիմադիրների ցույցը: Կազմակերպիչների պնդմամբ՝ մասնակիցների թիվը մոտ 220 հազար էր: Նշվում է, որ սա անկախ Բելառուսի պատմության ամենամեծ հանրահավաքն էր: