Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին օգոստոսի 16-ին հայտնել է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Շարունակվել է Բելառուսի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի քննարկումը, այդ թվում՝ հաշվի առնելով դրսից հանրապետության վրա գործադրվող ճնշումը։ Ռուսական կողմից հաստատվել է պատրաստակամությունն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ծագած խնդիրների լուծմանը Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 15-ին կայացած հեռախոսազրույցում Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահները քննարկել են իրավիճակը, որը ձևավորվում է Բելառուսի Հանրապետության ներսում և երկրի շուրջ:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ցույցեր են ընթանում երկրում օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, որտեղ 80.1% քվեով վերընտրվել է 26 տարի երկիրը կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 14-ին հաստատել է ընտրությունների արդյունքները, սակայն ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել դրանք: