կարևոր
1854 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-16 16:49

Թույլ չենք տալու, որ ձախողակ կառավարությունը՝ իր պատեհապաշտ կազմով, խարխլի մեր պետության հենասյուները. Արթուր Վանեցյան

Թույլ չենք տալու, որ ձախողակ կառավարությունը՝ իր պատեհապաշտ կազմով, խարխլի մեր պետության հենասյուները. Արթուր Վանեցյան

Այսօր Վայոց Ձորի մարզում բացվեցին «Հայրենիք» կուսակցության և Հիմնադրամի տարածքային կառույցները, տեղեկացնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նկատեց, որ օր օրի ավելացող մարզային կառույցներն էլ ավելի են ամրացնում կապը հանրության հետ, աշխատանքները դարձնում բազմաշերտ ու համակարգված։ «Մեր գործունեության առանցքում մարդն է՝ իր իրավունքներով ու ազատություններով։ Մենք այստեղ ենք՝ այդ իրավունքներին ու ազատություններին տեր կանգնելու համար»,- ասաց Արթուր Վանեցյանը՝ շեշտելով, որ Վայոց ձորում պետք է հնարավորին չափ զարգացնել զբոսաշրջային և գյուղատնտեսական ոլորտը։

Կուսակցության ղեկավարն ընդգծեց, որ այս մարզը երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ կամրջում է երկրի հյուսիսն ու հարավը և ունի իրական պոտենցիալ՝ դառնալու երկրի զբոսաշրջային կենտրոնը։

Հավաքվածները «Հայրենիք» կուսակցության նախագահի հետ զրույցում կիսվեցին իրենց մտահոգություններով, որոնք կապված էին տուրիստական հոսքի աննախադեպ անկման ու դրանով պայմանավորված՝ իրենց եկամուտների կտրուկ նվազման հետ։

«Այս համաճարակն ու կառավարության անտարբերությունը կոտրեցին մեր մարզի ողնաշարը։ Հասկանում ենք՝ կորոնավիրուսը տնտեսության բոլոր ճյուղերին հարվածեց, բայց ամենատուժածը տուրիզմն է, իսկ մենք տուրիզմով ենք ապրում։ Տուրիզմ չկա, ուրեմն՝ ապրուստի միջոց էլ չկա»,- ասաց կուսակցականներից մեկը։