կարևոր
1136 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-16 13:43

Հակաճգնաժամային միջոցառումների համար հատկացված 150 մլրդ դրամը բավարար չէր․ կառավարության ծրագրերն ուշացած էին և իրավիճակին ոչ համարժեք․ Թ. Ավետիսյան

Հակաճգնաժամային միջոցառումների համար հատկացված 150 մլրդ դրամը բավարար չէր․ կառավարության ծրագրերն ուշացած էին և իրավիճակին ոչ համարժեք․ Թ. Ավետիսյան

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով պետբյուջեից շուրջ 150 մլրդ դրամ կամ 300 մլն դոլար հատկացնելը բավարար չէր։ Բացի այդ, Կառավարության հակաճգնաժամային ծրագրերը ուշացած էին և իրավիճակին ոչ համարժեք։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։ «Այդ 300 մլն դոլարը գնահատում ենք ոչ բավարար, որովհետև աջակցության բնույթը եղել է ոչ համարժեք իրավիճակին, պարբերաբար կատարվող ծախսերի և կորուստների դիմաց, դու տալիս ես միանվագ աջակցություն»,- ասաց նա։ Տնտեսագետը միևնույն ժամանակ նշեց, որ եթե չլիներ ծախսված 300 մլն դոլարի պետական աջակցությունը, վիճակը շատ ավելի վատ կլիներ․ «Բայց այդ, 300 մլն դրամը հանրությանը իրենց քաղաքական ուժի նվերը չէ, դա մեր բոլորիս հարկերն են ծախսել, և մենք շարունակում ենք պահանջատեր մնալ, որովհետև մեծ հարց է, թե ինչ արդյունավետությամբ են ծախսել մեր հարկերը և լուծել մեր խնդիրները»։

- Էկոմոնիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը երեկ կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով համավարակի մեկնարկից ի վեր Կառավարությունը շահառուներին հատկացրել է շուրջ 150 մլրդ դրամ, կամ ավելի քան 300 մլն դոլար: Սա ի սկզբանե հայտարարված ցուցանիշն էր, երբ արտակարգ դրություն էր մտցվում, առաջին սահմանափակումներն էին ուժի մեջ մտել, սակայն արդեն 5-6 ամիս է` արտակարգ դրության պայմաններում ենք ապրում, և սահմանափակումները դեռ ամբողջությամբ վերացված չեն։ Ձեր կարծիքով՝ բավարա՞ր էր 300 մլն դոլարը։

- Ակնհայտ է, որ բավարար չէ, որովհետև խնդիրները լուծված չեն։ Նախ արձանագրենք, որ եթե չլիներ այդ 300 մլն դոլարի պետական աջակցությունը, վիճակը շատ ավելի վատ կլիներ՝ և սոցիալական իմաստով, և տնտեսական տարբեր երևույթների։ Բայց եթե մենք հավաքական իմաստով փորձենք գնահատել, ապա ուղղակի պետք է բերենք որոշ ցուցանիշներ։ Այսպիսի աջակցության պարագայում նույնիսկ հունվար-հունիս ամիսներին արձանագրել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի արդեն 5 % նվազում, առևտրի շրջանառությունը կրճատվել է մոտ 6․5 %-ով, ծառայությունների ոլորտը՝ գրեթե 11 %-ով և շուրջ 6-7 % արտահանման, 13 % ներմուծման կրճատում ունենք։ Այս ցուցանիշները խոսուն են, որովհետև իրականում մակրոտնտեսական ցուցանիշների այսպիսի բացասական միտումները շատ պարզ ասում են, որ մենք ունենք տնտեսական զարգացման շատ խորը խնդիրներ։

- Պայմանական ասած, եթե 300 մլն դոլարի փոխարեն կրկնակի՝ 600 մլն դոլար պետբյուջեից հատկացվեր, տնտեսական ցուցանիշների անկումները համեմատաբար ավելի քիչ կլինեին։

- Միանշանակ դա նաև գումարի չափի հետ է կապված, բայց պակաս կարևոր չէ այդ գումարների ծախսման, ծրագրի արդյունավետությունը։ Այս պահին մենք դեռևս որևէ կերպ կառավարելի չենք դարձրել համավարակի հետևանքները՝ տնտեսական, սոցիալական, առողջապահական ուղղություններով։ Այսինքն` ոչ միայն արձանագրում ենք, թե որքան են տնտեսական ցուցանիշների անկումներ եղել, այլ արդյոք պետությունն այդ գումարները ծախսելով հասել է մի կետի, որտեղից արդեն կառավարելի է և այդ անսահման անորոշությունը, ռիսկերը դարձել են կառավարելի։ Ես համոզված եմ, որ եթե ծրագրերը լինեին իրավիճակին համարժեք և շատ դեպքերում ոչ ուշացած, նույն այդ գումարով մենք շատ ավելի մեծ արդյունք կունենայինք։ Եթե այդ 300 մլն դրամ ծախսելուց առաջ, երբ հարկավոր էր մտցնել սահմանափակումներ և իրականում միայն թղթի վրա մտցվեցին այդ սահմանափակումները, խոսքը մարտ-ապրիլ ամիսների մասին է։ Այդ ամիսներին մենք ապրել ենք այս երկրում, և այդ սահմանափակումները, որոնք նախատեսված էին իրավական տարբեր ակտերով, թղթերով, դրանք կյանքի չկոչվեցին։ Մենք ի սկզբանե որպես պետություն անլուրջ մոտեցանք այս ամենին և դրանից հետո խիստ սահմանափակումներ մտցնելով իրականում տնտեսական տարբեր ճյուղեր ուղղակի փակվեցին, կրեցին վնասներ՝ և տնտեսվարողները, և աշխատողները, և պետությունը՝ հարկերի տեսքով, բայց քանի որ հանրային շարժի սահմանափակումները տեղի չունեցան, փաստացի, ունեցանք տնտեսական կորուստները, բայց համավարակը կառավարելի դարձնելու արդյունքները չեղան։ Այսինքն` վնասներն ունեցանք, օգուտները չունեցանք, սահմանափակումների ընթացքում և դրանից հետո գումարներ ծախսվեցին, բայց արդյունքներ չունեցանք։ Ծրագրերը նախ ուշացած էին, գործատուները կրճատում էին աշխատողներին, բայց աշխատողների սուբսիդավորման ծրագրերը ուշացան։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: