կարևոր
1121 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-16 12:29

Որ՞ն է մեր երկրի դիրքորոշումը. Մարի Ռոզ Աբուսեֆյան

Դոկտոր Մարի Ռոզ Աբուսեֆյանը գրում է.

«Բէյրութի աղետից ի վեր ինձ հանցավոր եմ զգում այլ քննարկումների մեջ մտնել, քանզի դեռ թեժ պահեր է ապրում այդ ժողովուրդը եւ հատկապես մեր հայ համայնքը։ Սակայն իրարհաջորդ դեպքերը ստիպեցին անդրադառնալ մի քանի կարեւոր հարցերի։

Առաջին պատճառը մեր վարչապետի BBC-ի հետ Hard Talk-ի հարցազրույցն էր, որը ներքո զետեղված է եւ որն անշուշտ ինձ բոլորովին չզարմացրեց։

Արդեն որերորդ անգամ վարչապետը հաստատում է իր անկարողությունը միջազգային հարաբերությունների բնագավառում եւ դրան վերաբերող հարցազրույցներում։

Վարչապետի անկարողությունը իր հերթին, սակայն հարցազրույց վարող Ստեֆան Սակըրը բացահայտորեն հակահայ կեցվածք ուներ, որը նորություն չէ Անգլիո քաղաքականությունում։ Եւ հենց այստեղ պետք էր երեւար մեր վարչապետի շատ սկզբմունքային եւ կարծր դիրքորոշումը, որը ավաղ իսպառ բացակայում էր։

Ի տարբերություն իր տանը՝ այսինքն երկրում, իր կոպիտ հոխորտանքների, որով առաջնորդվում եւ ղեկավարում է երկիրը, միջազգային հարցերում նույնքան անճարակ է, նույնքան ի հայտ է գալիս երկրի շահերը պաշտպանելու նրա անընդունակությունը։
Նախքան այդ հարցազրույցին համաձայնվելը վարչապետը պիտի գիտակ լիներ, որ Hard Talk-ը անունն ինքնին արդեն ասում է ամեն ինչ, իրեն դժվարին կացության է մատնելու եւ նա պարտավոր էր լուրջ պատրաստվել, քան ինչպես միշտ հույսը դներ իր ինքնամեծարմանը։

Հարցն այն չէ, թէ այսպիսի հարցազրույցներում ինչպիսի ծուղակի մեջ են ներառում քեզ, այլ այն՝ թէ դու որպես քո երկրի ամուր ղեկավար, որքան հմտորեն կարող ես դուրս գալ, կամ լավագույն դեպքում շրջանցել դրանք։

Ստեֆան Սակըրի ձայնի տոնից իսկ արդեն երեւում էր, որ մեր վարչապետին նշանակողները, որոնք երկու տարի առաջ սրտաբացորեն էին ընդունում նրան, այսօր այնքան էլ գոհ չեն իրեն տված առաջադրանքների արդյունքից եւ մասնավորապես, որ նա դեռ իր երկու տարի առաջվա լոզունգներով է ներկայանում։
Իր քայլարշավների օրերին, նույն BBC-ին, Փաշինյանին ուրախությամբ ներկայացնում էր որպես ոչ ազգային անձ, որն անշուշտ ոգեւորում էր իրենց։ Արեւմուտքի նպատակը մեր տարածաշրջանում ոչ ազգայնամետ ղեկավար ունենալն էր, որ կարողանան իրենց ծրագրերը իրականացնել եւ թեկնածուն լիովին բավարարում էր իրենց։

Հարցազրույցից հստակ երեւում էր, որ օտար լրագրողը լիովին տեղյակ է մեր երկրում տեղի ունեցող դեպքերի մանրամասներին եւ յուրաքանչյուր հարց տրվում էր հաստատելու, որ վարչապետը հավատարիմ չի մնացել իր տված խոստումներին։

Թեեւ էական չէ, անգլերենի իր թերի իմացությամբ այսպիսի հարցազրույցներին համաձայնվելը, սակայն սա եւս հաստատում է մեր վարչապետի ցուցամոլությունը։ Նա կարող էր եւ պարտավոր էր հայերենով պատասխանել, թող թարգմանաբար տային իր պատասխանները, ինչպես կարգն է ոչ անգլիախոս երկրների ղեկավարներին, որը թեեւ չէր փրկելու իր անկարողությունը, սակայն կնվազեցներ քննադատությունը գոնէ այդ կետում։

Ամենագլխավորը Արցախի հարցին վերաբերող պատասխաններն էին, ուր այնքան անճարակ դարձավ վարչապետը, կրկին վկայակոչելով մեր հազարամյա պատմությունը, որը անկեղծ ասած ոչ մեկին է հետաքրքրում, քանզի հարցազրույցը ոչ թէ պատմագիտական բնույթի էր, այլ՝ դիվանագիտական։ Եւ վարչապետը փոխանակ կտրուկ պատասխանելու, որ՝—Այո, Արցախը Հայաստանի մասն է եւ եթէ չգիտեք, գնացեք եւ պատմությունը ուսումնասիրեք, փորձեց խաղաղության իր խղճուկ, հին երգը երգել, որը ամենեւին չօգնեց իրեն, այլ հարցը ավելի խորացրեց, հարցազրույց վարողին համարձակություն տալով նույնիսկ անպատկառորեն հարց տալու, թէ —արդ՞յոք Հայաստանը պատրաստ է ներողություն խնդրել Ազրբեջանից պատերազմում գործադրած վայրագությունների համար։

Ես չգիտեմ, որեւէ այլ երկրի ղեկավարի, որ կարող էր այս հարցին պատասխանել սար ու ձոր ընկնելով, վկայակոչելով միջազգային հետեւությունների արդյունքները, փոխանակ ուղղակի մեկ պարզ նախադասությամբ իր տեղը նստեցնելու հարցադրողին, հպարտորեն հայտարարելով—որ ագրեսորի, թշնամու հարձակումից երկիրդ պաշտպանելու համար, ինչու՞ պիտի ներողություն խնդրել։ Մենք պաշտպանել ենք մեր երկիրը եւ միշտ կպաշտպանենք եւ եթէ ներողության հարց է, Ադրբեջանն է մեզ ներողություն պարտական։

Այնինչ վարչապետը կրկին խաղաղության իր ողորմությամբ փորձեց շրջանցել այդ հույժ կարեւոր հարցը։

Այս էլ որերորդ անգամ մեզ հնարավորություն է տրվում աշխարհով մեկ հաստատել, որ Արցախը Հայաստանի մասն է եղել եւ մնալու է, մենք մեր խաղաղասեր խեղճությունն ենք դեռ շարունակում քարոզել թշնամուն, միջազգային հանրության իրավունք տալով չհարգել մեզ, ոտնատակ տալ մեր իրավունքները։

Իսկ զավեշտալին այն է, որ վարչապետը շարունակում է դեռ օգտագործել ազերի ժողովրդի համաձայնության իրավունքը նույնպես, լսողի վրա այն տպավորությունը թողնելով, որ իրապես այդ տարածքները եղել են նաեւ նրանց սեփականությունը եւ նրանց ասելիքն էլ շատ կարեւոր է։

Որեւէ մեկը լսե՞լ է Ալիեւից կամ ազերիներից մեկ նախադասություն մեր ժողովրդի կարծիքի մասին, երբ պահանջում են մեր տարածքները։ Չէ՞ որ այնտեղ հայեր են ապրում։ Իսկ մենք այդ հողում չապրող, բայց դրա գրավումով մոլեգնած ժողովրդին կարծիք ունենալու իրավունք ենք վերապահում։

Լուրջ պետություն ունենալու դեպքում, միայն այս հարցի բարձրացման համար վարչապետի հրաժարականը կը պահանջեին, բայց քանի որ մենք այդպիսին չենք, նույնիսկ թույլ ենք տալիս, որ վարչապետի կինն էլ իր մասնակցությունը բերի այդ հարցում։

Որ՞ն է մեր երկրի դիրքորոշումը տարածաշրջանի այս թոհ ու բոհի մեջ, դեռ չգիտենք։ Միթէ՞ շարունակելու ենք խաղաղասեր խաղալ եւ ընդունել արեւմտաեվրոպական թելադրանքները, որոնք խժռում, կուլ են տալիս մեզ պես խեղճ ու կրակներին, թէ՞ անվախորեն մեր անսակարկ որոշումն ենք հայտարարելու։

Բայց դրա համար ազգային վարչակարգ ենք ունենալու ամենից առաջ։
Ծիծաղելին այն էր, որ վարչապետը հպարտությամբ ընդունեց ընդդիմադիրներին վերաբերող հարցը, քաջություն չունենալով հայտնել, որ իր վարչակարգում այլեւս արգելված է ընդդիմությունը։ Չկարողացավ անգամ արդարանալ համաճարակի իր անպատասխանատու կեցվածքի համար։
Այս հարցազրույցը հավելյալ անգամ հաստատեց, որ մեր իշխանավորները փոխանակ դասագրքերի մասնագետ կոչվածներին առաքելու թուրքիա, նրանց հետ համագործակցելու եւ մեր ազգային ողջ կառույցը ոտնատակ տալու, իրենք գնան եւ թուրքիո ղեկավարներից սովորեն, թէ ինչ հանդգնությամբ են նրանք իրենց չունեցած իրավունքները իրականացնում, ուրիշի տարածքները գրավում եւ դրա վրա իրենց պատմությունը ստեղծում, ատամներով պաշտպանելով այն։ Մենք մեր բարեկամներից, եթէ անշուշտ ունենք, ոչինչ ենք սովորել, ժամանակն է մեր թշնամիներից սովորենք եւ իրենց պատասխանենք իրենց ձեւով։ Որովհետեւ այսպես չենք կարող այլեւս շարունակել։

Մեր երկիրը ապազգայնացման են տանում եւ մենք մեր բանակի ուժի թմբիրի մեջ, մեզ ապահով ու հանգիստ ենք զգում, երբ մեր շուրջ քաղաքական շատ բարդ որոգայթներ են լարվում։

Բոլորովին պատահական չէ նաեւ վերջերս Սփյուռքի նախարարի ի լուր հայության հայտարարությունը, որ երկրի բնակչության թիվը, հետեւաբար նաեւ տնտեսական աճը բարձրացնելու համար, անհրաժեշտ է Հայաստանը դարձնենք Իսպանիո արաբների եւ ասորիների հայրենիքը։

Վարչապետը Արցախի ժողովրդի իրավունքները նույնացնում է ազերիների իրավունքի հետ, իսկ սփյուռքի պատասխանատուն կոչ է անում երկիրը դարձնել արաբների եւ ասորիների հայրենիք։

Հավանաբար ես եմ խելքս թռցրել, քանզի չեմ կարողանում այս ամենը համատեղել ոչ միայն որպես հայ, այլ հայրենիք հասկացողության համատեքստում։
Վստահաբար Պրն․ Սինանյանը, Գլենդելում ապրելով, շփոթում է ամերիկյան կառույցը հայկականի հետ, կարծելով, որ այդ երկրում ապրող խառնիճաղանջ ազգերի հայրենիքն է ամերիկան եւ նույն մոդելը կարելի է օգտագործել նաեւ հայաստանում։

Շփոթում է նաեւ, գուցէեւ բոլորովին անտեղյակ է հայրենիք եւ երկիր հասկացողություններին եւ այդպիսի պաշտոն զբաղեցնելուց առաջ հարկ էր ամենից առաջ սովորել այդ երկուսի տարբերությունը։

Եւ ին՞չ է նշանակում՜—«Հայաստանը դարձնենք հայրենիք մեզ նման ազգերի համար»։— Ուրեմն ըստ Սինանյանի մենք արաբների եւ ասորիների հետ նույնանման ազգերն ենք, ուստի ժամանակն է, որ միաձուլվենք եւ այդ ձուլումից ստանանք հայի մի նոր տեսակ։

Հետաքրքիր է՝ ինչու՞ Իսպանիայի արաբներին է նա բերում եւ ոչ թէ մեր քթի տակ ապրող արաբներին։ Ին՞չ տարբերություն, խտրականությո՞ւն է, թէ դրսից վարձատրվող հրահանգ։
Եթէ Սինանյանը չգիտի ավելացնեմ, որ մի քանի տարում այդ արաբները, որոնց վրա է հենվելու մեր հայրենիքը, այնքան կբազմանան, որ հայերը կդառնան փոքրամասնություն եւ շատ հանգիստ դուրս կմղեն հայերից իրենց երկրից, ինչպես թուրքերը վարվեցին մեզ հետ, նախքան նրանց տնտեսական շահը տեսնելը։

Պարզվում է Սփյուռքի Նախարարը ի վիճակի չէ, սփյուռքահայությանը իրենց իրական հայրենիք բերելու, ուստի այլազգիներին է բերում։

Սա իրապես զավեշտից էլ անց է, սա իրական ողբերգություն է։
Ինձ զարմացնում է, որ հայրենի ժողովուրդը լռությամբ է ընդունում այս դրսից հրահանգվող որոշումը, երբ իր հայրենիքն են խլում իր սերունդների ձեռքից։

Չենք կարող երկիրը դարձնել այլ երկրների թելադրության կամակատար, չենք կարող երկրում բռնապետություն հաստատել միակամ եւ միաձայն իշխանությամբ, երբ իր ազատության համար քայլարշավի ելած հայը իրավունք չունենա իր ազատ կարծիքը ունենալու եւ հատկապես ցույցի ելնելու նույն ցույցերով իշխանության հասածների դեմ։

Չենք կարող մեր սերունդների հայեցի լիարժեք դաստիարակությունը դույզն անգամ զիջել թուրքիո մեջ մշակվող մարդկանց մտայնությամբ, ովքեր իրենց աղավաղված գիտելիքներն են փորձում պարտադրել երկրի ուսումնական համակարգին։

Չենք կարող, իրավունքը չունենք, մեր երկրի իրական պատմությունը դարձնել իշխող կառավարության քմահաճույքի, նրանց տգիտության խաղալիքը։

Մենք շատ անելիքներ ունենք եւ մեր շրջապատում ծավալվող քաղաքական իրադրություններին հարկ է լուրջ մոտենանք, քանզի հիմնականում մենք ենք, մեր երկիրը, մեր ամբողջական գոյությունն է վտանգված»: