17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո Թուրքիան մտադիր է կասեցնել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Ermenihaber-ը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ հիշյալ համաձայնագրով ԱՄԷ-ն «անտեսում է պաղեստինցիների կամքը» և այդ երկրի պահվածքը «կեղծավոր» որակել։
Էրդողանը, արձագանքելով այդ համաձայնագրին, ասել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին Աբու Դաբիի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու վերաբերյալ հրահանգ է տվել:
Թուրքիայի նախագահի խոսքով` հնարավոր է նաև Աբու Դաբիից հետ կանչվի Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը:
Նա վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինի ժողովրդին:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամեդ Բեն Զայիդը ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել են երկու երկրների միջև հարաբերություններ հաստատելու մասին:
Այս պայմանագիրը 1979 և 1994 թթ․ Եգիպտոսի և Հորդանանի հետ նմանատիպ համաձայնագրերից հետո 3-րդն է։ ԱՄԷ-ի իշխանություններն Իսրայելի հետ պայմանագիրը «պատմական դիվանագիտական նվաճում» են անվանել` հավաստիացնելով, որ հրեական պետության հետ հարաբերությունների նորմալացումը նրանց թույլ կտա ապահովել տարածաշրջանի անվտանգությունը: