կարևոր
1984 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-15 16:08

Ալավերդցիները փակել էին M6 միջպետական ճանապարհը. պատասխանատուները ծանոթացել են նրանց պահանջներին

Ալավերդցիները փակել էին M6 միջպետական ճանապարհը. պատասխանատուները ծանոթացել են նրանց պահանջներին

Ալավերդու Էնգելս թաղամասի հատվածում քաղաքացիները փակել էին M6 միջպետական ճանապարհը: Ինչպես «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, հանդիպել և ծանոթացել է քաղաքացիների պահանջներին:

«Քաղաքացիները ցանկանում էին ժամկետ իմանալ հիմնանորոգման փուլում գտնվող M6 միջպետական ճանապարհի Ալավերդու հատվածի ասֆալտապատման վերաբերյալ։ Մյուս պահանջը ջրցան մեքենաների կանոնավոր աշխատանքն էր, քանի որ բարձրացող փոշին անհարմարություն է պատճառում բնակիչներին։ Նախարար Սուրեն Պապիկյանի հետ խոսելուց հետո Էնգելս թաղամասում հանդիպեցի քաղաքացիներին։ Ասֆալտապատման մասով նշել եմ հստակ ժամկետ, ջրցան մեքենաների ինտենսիվ աշխատանքի մասով կտրվի համապատասխան հանձնարարական»,- գրել է Մկրտչյանը:

Պատգամավորը նշել է, որ այժմ միջպետական ճանապարհը բաց է։

«Սիրելի ընկերներ, ժողովուրդ ջան, նախարարի հետ միասին կանենք հնարավորը խնդիրը սեղմ ժամկետում հիմնովին լուծելու համար»,- նշել է պատգամավորը:

M6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհն սկսվում է Վանաձոր քաղաքից, անցնում է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի 33 համայնքներով ու հասնում Բագրատաշենի սահմանակետ: 90 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական ճանապարհի վերակառուցման աշխատանքների առաջին փուլը ավարտվել է 2018թ․ դեկտեմբերի 24-ին։ Այն ընդգրկել է Վանաձոր-Թումանյան (38,45կմ) հատվածը: Այժմ հիմնանորոգվում է Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածը՝ Ասիական զարգացման բանկի (44.04 մլն եվրո) և ՀՀ կառավարության (10․14 մլն եվրո) համաֆինանսավորմամբ: M6 ճանապարհը հիմնանորոգվում է ասֆալտբետոնե ծածկով։ Հիմնանորոգումը նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված կարճատև դադարից հետո ամբողջ ծավալով ընթացքի մեջ է։ Իրականացվում են կոյուղագծերի և ջրագծերի տեղադրում‚ մայթերի և ջրահեռացման վաքերի կառուցման‚ հողային‚ ասֆալտապատման նախապատրաստական‚ հենապատի կառուցման‚ ժայռապայթեցման, ճանապարհի լայնացման, և բազմաթիվ այլ աշխատանքներ։ Որոշ հատվածներում կատարվում է ասֆալտապատում: