Եվրոպական միությունը Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները որակում է ոչ ազատ եւ ոչ արդար: Ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին նշված է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելլի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Կառույցի 27 անդամ պետությունների արտգործնախարարները կոչ են արել Բելառուսի իշխանություններին դադարեցնել խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ եւ անընդունելի բռնությունները, նաեւ անհապաղ ազատ արձակել անօրինական ձերբակալված բոլոր անձանց:
Նախարարները համաձայնել են՝ անհրաժեշտ է պատժել բռնության, բռնաճնշումների եւ ընտրությունների արդյունքների կեղծման համար պատասխանատու անձանց:
Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշմանն առանձին անդրադարձել է Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը: Նա «Թվիթեր»-ում գրել է, որ Եվրամիությունն արդեն սկսել է անհատների ցուցակի կազմումը: