220 դիտում, 2020.08.14 23:25

Փորձագետները հայտարարել են Վենեսուելայում նավթի արդյունահանումը գրեթե մինչեւ զրո կրճատման մասին

Փորձագետները հայտարարել են Վենեսուելայում նավթի արդյունահանումը գրեթե մինչեւ զրո կրճատման մասին

Վենեսուելայում, որը նավթի խոշորագույն պաշարներն ունի աշխարհում, նավթի արդյունահանումը մոտենում է զրոյի, հաշվել են IHS Markit կոնսմալտինգային ընկերության փորձագետները, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Դեռ 2017 թվականին Վենեսուելայում արդյունահանումը մեկ օրում կազմում էր 2 միլիոն բարել: Մեկ տարի առաջ այն ընկել է օրական մինչեւ 650 հազար բարել: Այժմ, IHS Markit-ի տվյալներով, Վենեսուելան օրական արդյունահանում Է 100-ից մինչեւ 200 հազար բարել, եւ անկումը շարունակվում է:

«Այժմ կարելի է ենթադրել, որ շուտով երկրում նավթի արդյունահանումը կարող է դառնալ զրոյական կամ մոտենալ այդ մակարդակին»,-գրում են փորձագետները, նշելով, որ նավթարդյունաբերության պատմության մեջ երբեք խոշոր նավթարդյունաբերող երկրների նավթի արդյունահանման ծավալն այդքան ցած ու այդքան երկար ժամանակ չի ընկել: Վենեսուելան մեծությամբ երրորդ նավթարդյունահանող երկիրն է ՕՊԷՔ-ի տասներեք անդամների թվում: Վերջին ժամանակներս իրադրությունը Վենեսուելայի համար խորացել է նավթի համատարած գնանկմամբ՝ COVID-19-ի համավարակի, ԱՄՆ-ի պատժամիջոցների եւ նավթը պահելու հնարավորությունների սահմանափակումների պատճառով, նշում են հրապարակման հեղինակները:

Թեեւ Վենեսուելայի դեպքը պատմական է, փորձագետներն այն կարծիքին են, որ այն գործնականում չի ազդում համաշխարհային նավթաշուկաների վրա՝ կորոնավիրուսի եւ դրա հետեւանքների ֆոնին պահանջարկի եւ առաջարկի ավելի լուրջ փոփոխությունների պատճառով: «Աշխարհում կան բավականին արտադրական հզորություններ, որպեսզի բավարարվի նավթի համաշխարհային պահանջարկի վերականգնումը, որը դիտվում է մայիսից»,-կարծում է IHS Markit-ի փոխնախագահ եւ նավթաշուկաների ղեկավար Ջիմ Բուրքհարդը: Փորձագետները վստահ են, որ Վենեսուելան կարող է ապագայում վերականգնել նավթի արդյունահանումը՝ հաշվի առնելով նրա հսկայական նավթապաշարները: Սակայն ենթակառուցվածքի վիճակը, նավթի համաշխարհային պահանջարկի նվազումը եւ ԱՄՆ-ի պատժամիջոցները նվազեցնում են նման ելքի հավանականությունը։