428 դիտում, 2020.08.14 19:38

Վարչապետը ներկա է գտնվել Սևանի ՀՍԾՏ կենտրոնի բացմանը և ծանոթացել ճանապարհաշինական աշխատանքներին

Վարչապետը ներկա է գտնվել Սևանի ՀՍԾՏ կենտրոնի բացմանը և ծանոթացել ճանապարհաշինական աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (ՀՍԾՏԿ) բացման արարողությանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ Սևանի տարածքային կենտրոնը՝ որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող տարածքային կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրելու Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանի 14 բնակավայրերի մոտ 40 հազար բնակիչներին: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում՝ ծանոթացել մատուցվող ծառայություններին: Նշվել է, որ կենտրոնում ներառված են սոցիալական 4 ծառայություններ՝ սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը և սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը: Նոր ստեղծվող Ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակը մեկ պատուհանի միջոցով կտրամադրի բոլոր այն ծառայությունները, որոնք մինչ այս տրամադրվում էին տարբեր հասցեներում գտնվող և տարբեր գերատեսչությունների ենթակայությամբ գործող տարբեր գրասենյակները:

Այստեղ, ընդհանուր առմամբ, աշխատելու է մոտ 19 աշխատակից: Շահառուների ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 13 հազար մարդ: 

Այնուհետև վարչապետը ծանոթացել է Սևան քաղաքը մայրուղուն կապող ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները նշել են, որ վերջին անգամ այս ավտոճանապարհը վերանորոգվել էր  1960-ական թվականներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է աշխատանքների ժամանակին և որակով իրականացումը:

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոց 164 հասցեում տեղակայված վարչական շենքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 655 քառ. մետր:  Կենտրոնի համար հատկացված շինությունը գտնվում է Սևանի քաղաքային համայնքի կենտրոնական մասում, շրջակայքում կան բնակելի շենքեր և հասարակական կառույցներ: Ճանապարհը դեպի կենտրոն ասֆալտապատ է: Շինաշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 67 մլն դրամ:

Հայաստանի մի քանի մարզերում 2020 թ.-ին կբացվի և շահագործման կհանձնվի  Համալիր սոցիալական ծառայությունների 9 գրասենյակ։ Դրանք լինելու են Ստեփանավանում, Մեղրիում, Սևանում, Մարտունիում, Գորիսում, Ապարանում, Գավառում, Դիլիջանում և Իջևանում։ Ամբողջ Հայաստանում նախատեսվում է Համալիր սոցիալական ծառայությունների 49 գրասենյակ կառուցել։ Դրանցից 7-ը լինելու են Երևանում, իսկ մնացած 42-ը՝ ՀՀ մարզերում:

Ներկայում կա 14 շինհրապարակ, որտեղ կառուցվում են կենտրոնները. 3 կենտրոն մրցութային փուլում է, 4-ը՝ նախագծային և 5-ը՝ տարածքի հստակեցման փուլերում։ Կառուցվել և շահագործման է հանձնվել 23 կենտրոն:

2021 թ.-ին Համալիր սոցիալական ծառայությունների գրասենյակներ կկառուցվեն Ջերմուկում, Բերդում, Կապանում, Արթիկում, Եղեգնաձորում, Աշտարակում, Աբովյանում, Վաղարշապատում, Սիսիանում, Վայքում, Երևան քաղաքի Նոր Նորք, Արաբկիր, Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։

Համաշխարհային բանկի տրամադրած թիվ 5398-ԱՄ ֆինանսավորման համաձայնագրի հիման վրա իրականացվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիրը մեկնարկել է 2014 թ.-ին: Ըստ համաձայնագրի՝ ՀԲ-ի կողմից տրամադրվող վարկային միջոցները կազմում են 19.03 մլն ԱՄՆ դոլար։