356 դիտում, 2020.08.14 22:30

Բրիտանացիները շտապ վերադառնում են Ֆրանսիայից եւ Նիդեռլանդներից՝ խուսափելով կարանտինից

Բրիտանացիները շտապ վերադառնում են Ֆրանսիայից եւ Նիդեռլանդներից՝ խուսափելով կարանտինից

Մեծ Բրիտանիայի հազարավոր բնակիչներ, որոնք հանգստանալու էին մեկնել Ֆրանսիա, Նիդեռլանդներ եւ Մալթա, փորձում են շտապ տուն վերադառնալ, որպեսզի խուսափեն երկշաբաթյա կարանտինից, որը պարտադիր կդառնա օգոստոսի 15-ից ժամը 4:00-ից (Երեւանի ժամանակով 07:00) նշված երկրներից վերադառնալուց հետո: Գնացքները, որոնք Ֆրանսիայից թագավորություն են մեկնում, վերադառնում են լեփ-լեցուն, ավտոբուսով Եվրոթունելով անցնելու տոմսեր չեն մնացել: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայում են տրանսպորտային ընկերությունների տվյալները:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները օգոստոսի 13-ի երեկոյան հայտարարել Էին, որ օգոստոսի 15-ից երկշաբաթյա կարանտին են սահմանելու Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Մալթայից, Մոնակոյից ու Տերկս եւ Կայկոս կղզիներից, ինչպես նաեւ Նիդեռլանդների Թագավորության կազմի մեջ մտնող Արուբա անդրծովյան տարածքից ժամանողների համար՝ այնտեղ COVID-19-ով վարակվածների թվի աճի պատճառով:

Ճեպընթաց գնացքի տոմսերի մեծամասնությունը նույնպես վաճառվել է հաշված ժամերի ընթացքում, այժմ հասանելի են բարձր գնով սահմանափակ թվով տոմսեր։