կարևոր
1652 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-14 17:24

Վարչապետը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ռեֆորմների իրականացումը

Վարչապետը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ռեֆորմների իրականացումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրով,  նաև հնգամյա գործունեության միջոցառումների ծրագրով  նախատեսված ռազմավարությունների  ընթացիկ վիճակը, ինչպես նաև այն փաստացի փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ոլորտում՝ տեսանելի, չափելի կամ շոշափելի արդյունքներով: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մանրամասներ է ներկայացվել նաև քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարության, տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերի,  քաղաքաշինության բնագավառի գործունեության կանոնակարգումն ու իրագործումն ապահովող միջոցառումների հիմնական ուղղությունների վերաբերյալ:

Վարչապետը կարևորել է քաղաքաշինության ոլորտում հանրային կառավարման բարեփոխումներին համընթաց ռեֆորմների իրականացումը: Մասնավորապես, կառավարության ղեկավարն ընդգծել է շինթույլտվությունների գործընթացի պարզեցման, դրանց տրամադրման ժամկետների օպտիմալացման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ շարունակական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ, այդ թվում՝ կրթական, առողջապահական, մշակութային, մարզական և այլ նշանակության օբյեկտների շինարարական աշխատանքների իրականացման համար նախատեսված ժամկետների պահպանման ուղղությամբ: