1018 դիտում, 2020.08.14 16:47

Պարետը սահմանել է այն տարածքների ցանկը, որտեղ դիմակ կրելն այլևս պարտադիր չէ

Պարետը սահմանել է այն տարածքների ցանկը, որտեղ դիմակ կրելն այլևս պարտադիր չէ

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը սահմանել է այն տարածքների ցանկը, որտեղ դիմակ կրելն այլևս պարտադիր չէ: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Այսուհետ դիմակ կրելը պարտադիր չէ անձնական օգտագործման ավտոմեքենաներում, հանգստյան գոտիներում և լողափերում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում:

Սահմանվում է նաև, որ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում։

Ըստ նախկինում ընդունված որոշումների՝ դիմակ կրելը պարտադիր չէ նաև մինչև 6 տարեկան երեխաների, քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3- րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունենալու դեպքում՝ պայմանով, որ այդ հիվանդություններն ունեցող անձինք իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ: Դիմակ կրելը պարտադիր չէ նաև ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս: