304 դիտում, 2020.08.14 16:38

Բելառուսի ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների արդյունքները. Լուկաշենկոն ընտրվել է նախագահ

Բելառուսի ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների արդյունքները. Լուկաշենկոն ընտրվել է նախագահ

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է պետության ղեկավարի ընտրություններում, որոնք կայացան օգոստոսի 9-ին. համապատասխան տեղեկատվությունն օգոստոսի 14-ին հրապարակվել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում։

«Հանձնաժողովի որոշմամբ հաստատվել են ընտրությունների արդյունքները: Բելառուսի Հանրապետության նախագահ է ընտրվել Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոն»,- ասված է հայտարարության մեջ: Հանձնաժողովի տվյալներով՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1 տոկոսը, իսկ Սվետլանա Տիխանովսկայայի օգտին, որին համարում Էին նրա հիմնական մրցակիցը, քվեարկել է ընտրողների 10,12 տոկոսը: Մյուս թեկնածուների օգտին ձայները բաշխվել են հետեւայլ կերպ. Անդրեյ Դմիտրիեւ-1,21 տոկոս, Աննա Կանոպացկայա-1,68 տոկոս, Սերգեյ Չերչեն-1,14 տոկոս, բոլորի դեմ- 4,59 տոկոս:

Օգոստոսի 9-ին ելքահարցումների արդյունքների հայտարարումից հետո Մինսկի կենտրոնում եւ հանրապետության որոշ այլ քաղաքներում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք վերաճել են ընդհարումների իրավապահ մարմինների աշխատակիցների հետ: Դրա հետեւանքով, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ բերման Է ենթարկվել շուրջ 6 հազար մարդ, տուժել են միլիցիայի տասնյակ աշխատակիցներ եւ ցուցարարներ: Բելառուսի ՆԳՆ-ն օգոստոսի 14-ին հայտնել Է, որ ավելի քան 2 հազար ձերբակալվածներ արդեն բաց են թողնվել տուն, ազատ արձակման գործընթացը շարունակվում Է: