կարևոր
1390 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-13 14:50

Կանոնների պահպանումն էականորեն բարելավվել է բոլոր տնտեսավարողների մոտ. Ավինյան

Կանոնների պահպանումն էականորեն բարելավվել է բոլոր տնտեսավարողների մոտ. Ավինյան

Տեսչական մարմինների ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ  տնտեսավարողներն ամեն ամիս ավելի պարտաճանաչ վարքագիծ են դրսևորում հակահամաճարակային կանոնները պահպանելու գործընթացում։ Այս մասին կառավարության նիստում նշել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Եթե հունիս ամսին խախտումները ստուգումների ընթացքում կազմում էին մոտավորապես տուգանվածների 20 տոկոսը, արդեն օգոստոսի առաջին տասնօրյակի ընթացքում մենք հասել ենք մոտավորապես 3.9 տոկոսի: Ընդհանուր առմամբ՝ այստեղ խնդրահարույցն այն է, որ մենք, որպես այդպիսին, ստուգումների հստակ մեթոդաբանություն չենք ունեցել, և որոշ տեղերում միգուցե մի քանի անգամ տեսչական մարմինները ստուգումներ իրականացրել են, բայց դա չի կարելի ասել, որ շատ հստակ կանոնակարգված է եղել»,- ասել է Ավինյանը՝ հույս հայտնելով, որ արդեն հետագա օրենսդրական փոփոխություններից հետո այդ հարցերը դուրս կգան: 

Փոխվարչապետն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ կանոնների պահպանումն էականորեն բարելավել է բոլոր տնտեսավարողների մոտ: