կարևոր
1272 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-13 13:35

Կարճաղբյուրում ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները

Կարճաղբյուրում ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները

Կարճաղբյուր համայնքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եղավ թիվ 3 եւ 15 փողոցներում, որտեղ արդեն ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները: Մարզպետին աշխատանքները ներկայացրել է Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանը:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 միլիոն 688 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 27 միլիոն 412 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 18 միլիոն 275 հազարը՝ Կարճաղբյուրի համայնքապետարանը:

Ըստ համայնքի ղեկավարի՝ այս աշխատանքների իրականացմամբ ամբողջանում է գյուղի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը, որը կատարվել է նախորդ տարիներին՝ մի քանի փուլերով: 870 գծամետր ասֆալտապատում  է արվել կենտրոնական փողոցում:

Եվս 180 գծամետր երկարությամբ ասֆալտապատվել է գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը: Շինաշխատանքներն ավարտված են մոտ 90 տոկոսով: Մարզպետը շինարարության որակի շուրջ արեց համապատասխան դիտողություններ՝ հրահանգելով շտկել նկատված թերությունները եւ կարգավորել շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները:

«Կարճաղբյուրում մեզ չգոհացրեց շինարարության որակը: Շինարարին ցուցում է տրված հնարավորինս արագ շտկել թերությունները: Առիթից օգտվելով՝ ուզում եմ զգուշացնել շինարարներին, որ ոչ մի անորակ շինարարություն  մեր տեսադաշտից դուրս չի մնա, դրա դիմաց վճարում չի կատարվի: Ուստի կոչ եմ անում՝ աշխատանքներն իրականացնել միայն նախագծին ու սահմանված չափորոշիչներին համապատասխան»,- նշել է մարզպետը: