Պայթուցիկ սարքը գործի է դրվել ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ավտոշարասյան անցնելու ժամանակ, որը տեղի է ունեցել Իրաքի հարավում գտնվող Բաթխա քաղաքի շրջանում: Այս մասին հաղորդել է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Sky News Arabia-ի աղբյուրների տվյալներով՝ գրոհի է ենթարկվել կոալիցիայի նյութատեխնիկական օժանդակության ավտոշարասյունը՝ երկրի հարավում գտնվող Զի-Քար նահանգի Բաթխա քաղաքի արվարձաններում: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ տուժածներ չկան:
2017 թվականի վերջին Բաղդադը հայտարարել է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին, սակայն իրաքյան բանակը՝ միջազգային կոալիցիայի եւ ժողովրդական աշխարհազորի ստորաբաժանումների աջակցությամբ, շարունակում է գործողություններն առանձին շրջաններում ահաբեկչական խմբավորումների «քնած բջիջների» հայտնաբերման ուղղությամբ:
Հունիսին «Իրաքի հերոսները» գործողության շրջանակներում զինյալներից զտում է անցկացվել Քիրկուկի նահանգի հարավ-արեւմուտքում գրեթե 750 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքներում: