318 դիտում, 2020.08.12 23:36

«Լոռի»-ն կարող է չմասնակցել բարձրագույն խմբի առաջնությանը

«Լոռի»-ն կարող է չմասնակցել բարձրագույն խմբի առաջնությանը

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը կարող է չմասնակցել օրեր անց մեկնարկող Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. ««Լոռի» ՖԱ 19 ներկայացուցիչներ՝ ներառյալ ֆուտբոլիստներ, մարզիչներ, աշխատակազմի եւ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հուլիսին վարակվել էին COVID-19 կորոնավիրուսով եւ ավելի քան երկու շաբաթ գտնվել էին ինքնամեկուսացման մեջ։

Դրանով պայմանավորված՝ «Լոռի» ՖԱ-ն հուլիսի 20-ին նամակով դիմել էր ՀՖՖ Մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժին եւ խնդրել, որպեսզի առաջիկա առաջնության խաղացանկը կազմելիս հաշվի առնեն այն հանգամանքը, որ ակումբի որոշ աշխատակիցներ եւ ֆուտբոլիստներ մեկուսացումից դուրս են գալու միայն օգոստոսի սկզբին, նորեկները նույնպես կարող են ժամանել միայն օգոստոսի սկզբին։ 

Հուլիսի 27-ին «Լոռի» ՖԱ-ն եւս մեկ գրությամբ դիմեց ՀՖՖ՝ ներկայացնելով նաեւ այն ֆուտբոլիստների եւ աշխատակիցների PCR թեստավորման արդյունքները, որոնք դեռեւս դրական պատասխան էին ստացել եւ չէին կարող դուրս գալ ինքնամեկուսացումից։ 

ՀՖՖ-ն, չպահպանելով «արդար խաղի» սկզբունքը, հարցում է ուղարկել «Ուրարտու»՝ արդյոք ակումբը համաձայն է հետաձգել առաջին մրցափուլի «Ուրարտու» - «Լոռի» հանդիպումը, ինչին ստացել է բացասական պատասխան։

Հարկ ենք համարում ընդգծել, որ 2019 թվականի օգոստոսի 4-ին նախատեսված ԲԽ 2019/20 թթ մրցաշրջանի առաջին մրցափուլի «Փյունիկ» - «Լոռի» հանդիպումը հետաձգվեց, քանի որ ՀՖՖ նախագահը հիմք էր ընդունել տանտերերի խնդրանքն ու առանց «Լոռի» ՖԱ դիրքորոշումը հարցնելու՝ որոշում կայացրել։ 

Այսօր «Լոռի» ՖԱ ղեկավար կազմի ժողովի ընթացքում որոշում կայացվեց, որ թիմը խաղադաշտ դուրս չի գա ԲԽ առաջին մրցափուլի՝ օգոստոսի 17-ին նշանակված «Ուրարտու»-ի դեմ խաղում, քանի որ ակումբի բազմաթիվ ներկայացուցիչներ ինքնամեկուսացումից դուրս են եկել միայն օգոստոսի սկզբին, նորեկները եւ մարզչական շտաբը Հայաստան են ժամանել օգոստոսի 5-ին, եւ ակումբը դեռ շարունակում է համալրվել տեղացի ու օտարերկրացի ֆուտբոլիստներով։ 

Օգոստոսի 19-ին կկայանա «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» հասարակական կազմակերպության հիմնադիր խորհրդի ժողովը, որի ընթացքում կքննարկվի ԲԽ 2020/21 թթ․ մրցաշրջանին մասնակցելու նպատակահարմար լինել-չլինելու հարցը»:

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը մեկնարկում է օգոստոսի 14-ին: