512 դիտում, 2020.08.12 18:47

Ալեն Սիմոնյանը շուտափույթ չի համարում Նիկոլ Փաշինյանի կողմից Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելը

Ալեն Սիմոնյանը շուտափույթ չի համարում Նիկոլ Փաշինյանի կողմից Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելը

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շուտափույթ չի համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հղած շնորհավորանքը՝ Բելառուսի նախագահական ընտրություններում վերընտրվելու առթիվ: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Սա Հայաստանում խիստ քննադատությունների տեղիք տվեց այն առումով, որ իրեն ժողովրդավար հռչակած իշխանությունները, չպետք է շտապեին շնորհավորել ակնհայտ ընտրակեղծարարությունների միջոցով վերընտրված Լուկաշենկոյին, հատկապես այն դեպքում, երբ երկրում հետընտրական զարգացումները դեռ չեն դադարել։

«Օրինակ, ՀԱՊԿ երկրների ցանկում, որոնք  շնորհավորել են, Հայաստանը, կարելի է ասել, վերջինն է եղել, որպես շնորհավորող: Բայց դա ուղղակի տեխնիկական բան է, որը, ասում եմ՝ պետք չէ դրա վրա որեւիցե ձեւով հենվել: Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր երկրի ղեկավար հենվում է այն պաշտոնական տվյալների վրա, որ գոյություն են ունենում այդ պահի դրությամբ: Օրինակ, 2008 թվականի մարտի 1-ին գրեթե բոլոր եվրոպական երկրները, նաև հենվելով այդ պաշտոնական տվյալների վրա, նույնպես շնորհավորեցին նույն Սերժ Սարգսյանին: Հիմա, իմ ասածը հետեւյալն է: Ինձ մոտ կոնկրետ շատ մեծ մտահոգություն է առաջացնում այն, ինչ տեղի է ունենում այսօր Բելառուսում: Եվ ինձ համար անընդունելի է որեւիցե խաղաղ ցուցարարի նկատմամբ եւ ցուցարարների նկատմամբ ուժի, բռնության գործադրումը ու խիստ դատապարտելի է: Պետական մակարդակով Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ տվյալ՝ ստացված Բելառուսի Հանրապետության կողմից այս պահի դրությամբ: Եվ մենք, որքան էլ տեղ չտանք ցանկություններին, էմոցիաներին, մեր անձնական դիրքորոշումներին, ՀՀ-ն պետություն է, որն իր գործառույթը պետք է կատարի»,- ասել է Ալեն Սիմոնյանը: