կարևոր
1354 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-12 15:01

Ավինյանն անդրադարձավ արտերկիր մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին

Ավինյանն անդրադարձավ արտերկիր մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների խնդրին, որոնք այս օրերին ցանկանում են մեկնել արտերկիր, սակայն սահմանների փակ լինելու պատճառով բախվում են որոշակի խնդիրների: Ավինյանը խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում նշեց, որ այդ հարցը կոնկրետ պետության իրավական կարգավորումների դաշտում է:

«Ինչ վերաբերում է այլ երկրներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտք գործելու հնարավորությանը, այդ թվում՝ զբոսաշրջային նպատակներով, ապա նման հնարավորության սահմանումը կոնկրետ պետության իրավական կարգավորումների դաշտում է, և, որպես կանոն, պայմանավորված է այլ պետություններում վարակի տարածման դինամիկայով և տիրող համաճարակաբանական վիճակով»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը քաղաքացիներին հորդորեց հանգիստն անցկացնել Հայաստանում:

Խորհրդարանն օգոստոսի 12-ին հրավիրված հատուկ նիստում քննարկում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը:

Կառավարությունն օգոստոսի 12-ի արտահերթ նիստում որոշում է ընդունել՝ երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: